Բաթումիի սպանության գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի Բաթումիի ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով։

Մասնավորապես, ձերբակալվածները մեղադրվում են ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման, առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու և Վրաստանի պետական սահմանը խմբակային անօրինական հատելու համար։

Գործակալության հաղորդմամբ՝ ձերբակալվածները Վրաստան են մտել անօրինական ճանապարհով հուլիսի 18-ին։

«Ներքին գործերի նախարարության կատարած հետաքննությունը պարզել է, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները հուլիսի 18-ին խմբով անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը և մուտք գործել Վրաստան Թուրքիայի Հանրապետությունից։

Նույն օրը Բաթումիի ռեստորաններից մեկում մեղադրյալներից մեկը հրազենից մի քանի կրակոց է արձակել Թուրքիայի Հանրապետության երկու քաղաքացիների վրա, ապա ուղեկցող անձի հետ լքել է դեպքի վայրը։ Կրակոցի հետևանքով վիրավորվածներից մեկը մահացել է։

Քննությունը նաև պարզել է, որ երկրորդ մեղադրյալը, որը եղել է հանցագործության վայրում և տեղյակ է եղել հատկապես ծանր հանցագործության կատարման մասին, չի հայտնել միջադեպի մասին իրավապահ մարմինների աշխատակիցներին», — ասված է հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածներից մեկին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում, իսկ մյուսին՝ մինչև 7 տարի։