Կարմրուկով վարակման դեպքերի աճ է սպասվում

Վրաստանում կարմրուկով վարակման դեպքերի աճ է սպասվում: Այս մասին խոսել է իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։

Նրա խոսքով, պատվաստված երեխաների տեսակարար կշիռը նվազել է, ինչը կարմրուկի տարածման վտանգ է ստեղծում։ Ուժեղ իմունիտետ ստեղծելու համար անհրաժեշտ է երկու ներարկում՝ մեկ և հինգ տարեկանում։

Չխաիձեն նշել է՝ նախքան կորոնավիրուսի համաճարակը, մինչև մեկ տարեկան երեխաների մոտ պատվաստումների մակարդակը կազմում էր 100 տոկոս, 5 տարեկանների մոտ՝ 97 տոկոս։ Վերջին տվյալներով, մինչև մեկ տարեկան երեխաների միայն 94 տոկոսն է ստացել պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 5 տարեկաննների՝ 88 տոկոսը:

«88 տոկոսը նշանակում է, որ երկրում հազարավոր երեխաներ պատվաստված չեն, ինչը, անշուշտ, կբերի դեպքերի աճի»,- ասել է նա:

Դեպքերի մեծ մասը գրանցվում է Թբիլիսիում բնակվող 20-ից 40 տարեկան մարդկանց մոտ։ Վրաստանում կարմրուկով վարակվածության մակարդակը կտրուկ աճել է 2018 թվականին, երբ տարեկան ավելի քան 300 դեպք է հայտնաբերվել։