Լարսի անցակետից բեռնատարներ են վերադառնում Հայաստան

«Վրաստանի սահմանով Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող հարյուրավոր հայկական բեռնատարներ վերադառնում են Հայաստան բուսասանիտարական խնդիրների պատճառով», — ասել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Վերին Լարսի» անցակետից վերադառնում են գյուղացիական արտադրանքի՝ բալի, դեղձի և խաղողի բեռնված հարյուրավոր մեքենաներ», — գրել է Դանիելյանը Ֆեյսբուքում։

Նրա խոսքով՝ վարորդները հայտնում են, որ իրենց բեռնափոխադրումների դադարեցման պատճառ են նշում «բուսասանիտարական խնդիրները»։

Ըստ պատգամավորի՝ այլ տեսակի բեռներով, մասնավորապես՝ շինանյութերով բեռնված մեքենաները նույնպես ենթարկվում են խիստ ստուգման։

Ավելի ուշ արդեն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է պատգամավորի ահազանգին։ Նրա հրապարակած տեղեկության համաձայն՝ օգոստոսին Հայաստանից Ռուսաստան է մտել միրգ-բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից վերադարձվել է ընդամենը 4-ը։ Նախարարը չի պարզաբանել, թե ինչու Ռուսաստանը թույլ չի տվել հայկական պտուղ-բանջարեղենով բեռնված այդ մեքենաներն իր տարածք հասնեն։