Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովում են Վրաստանն ու Ադրբեջանը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում, փոխանցում է Վրաստանի հանրային հեռարձակողը։

Ալիևը նշել է՝ երկու երկրների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։

Ադրբեջանի նախագահի խոսքով, Վրաստանն ու Ադրբեջանը սերտորեն կապված են:

«Պարոն վարչապետ, մենք հաճախ ենք հանդիպում։ Վեց ամիս առաջ Վրաստանում էի։ Ես եղել եմ Մցխեթայում, իսկ այսօր դուք Գաբալայի շրջանում եք։ Կարծում եմ, որ մենք շատ լավ ավանդույթ ենք ձևավորել։ Մեզ հնարավորություն է տրվում ծանոթանալու ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարմանալի, պատմական և մշակութային ժառանգությանը։ Այն ամրապնդում է մեր բարեկամությունը: Մենք երկար տարիներ ընկերներ և գործընկերներ ենք: Մեր ժողովուրդները միմյանց համարում են եղբայրներ, և մենք ցանկանում ենք, որ մեր երկկողմ համագործակցությունն էլ ավելի զարգանա՝ նպաստելու մեր ազգերի ապագային»,- ասել է Ալիևը։

Ալիևը նշել է նաև՝ Ղարիբաշվիլիի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկվել են շատ կարևոր հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք թույլ կտան երկու երկրներին հետագա գործունեություն ծավալել։