Վրաստանում փոխվում են անձնագրերի և այլ փաստաթղթերի, Վրաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերի, նաև ծառայողական կամ ճանապարհորդական անձնագրերի ձևերը: Արդարադատության նախարարի համապատասխան հրամանները, որոնք մի քանի անգամ փոփոխվել են, պետք է ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 6-ին` 2025 թվականի հունիսի 4-ի փոխարեն։
Հրամաններից մեկում կատարված վերջին փոփոխությամբ հաստատվել են լրացուցիչ պաշտպանություն ունեցող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագրի տեխնիկական բնութագրերը և ձևը։
Լրացուցիչ պաշտպանություն ունեցող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագրի արտաքին շապիկի գույնը պետք է լինի մոխրագույն. ներսում կլինի նաև գրառում. «Ճանապարհորդական անձնագրի տերը Վրաստանում լրացուցիչ պաշտպանություն ունեցող անձ է: Ճանապարհորդական անձնագիրը 38 էջանոց է»:
Մոտ 2 ամիս առաջ խորհրդարանը հաստատեց «Միջազգային պաշտպանության մասին» օրենքի նոր տարբերակը, որը նաև սահմանում է անձին լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու հիմքերը։
Վերոնշյալ օրենքի համաձայն՝ «օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, որը չի համապատասխանում փախստականի կարգավիճակ շնորհելու պահանջներին (հիմքերին), ինչպես սահմանված է այս օրենքի համապատասխան հոդվածում, տրամադրվում է լրացուցիչ պաշտպանություն, չնայած կա իրական ռիսկ, որ նա լուրջ վնաս կկրի իր ծագման երկիր վերադառնալու դեպքում»։
Օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին լրացուցիչ պաշտպանություն է տրամադրվում 1 տարի ժամկետով։ Լրացուցիչ պաշտպանությունը կարող է երկարաձգվել նախարարության որոշմամբ նույն ժամկետով` մեկից ավելի անգամ, համապատասխան փաստարկների հիման վրա։
Միջազգային պաշտպանության մասին օրենքը «Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունել է 2025 թվականի հունիսի 26-ին և հրապարակել հուլիսի 7-ին։ Օրենքը պետք է ամբողջությամբ ուժի մեջ մտնի 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։
- Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագրի արտաքին շապիկի գույնը պետք է լինի մուգ կարմիր (շագանակագույն երանգով),
- Վրաստանի քաղաքացու կենսաչափական դիվանագիտական անձնագիրը՝ մուգ կապույտ,
- Վրաստանի քաղաքացու կենսաչափական ծառայողական անձնագիրը՝ սև,
- Վրաստանում կարգավիճակ ունեցող քաղաքացիություն չունեցող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագիրը՝ բաց կապույտ,
- Լրացուցիչ պաշտպանությունից օգտվող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագիրը՝ մոխրագույն,
- Փախստականի կենսաչափական ճանապարհորդական փաստաթուղթը՝ կապույտ։
Նույն թեմայով՝