Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խիստ քննադատել է ընդդիմադիր գործիչների՝ Լևան Խաբեշվիլիի և Մուրթազ Զոդելավայի ձերբակալությունները։
Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում գրել է, որ իշխանությունների գործողությունները «անօրինական և ամոթալի» են․
«Ես ուզում եմ արձագանքել այսօրվա ամոթալի ձերբակալությունների շարքին։ Եվս մեկ քաղաքական առաջնորդ է ձերբակալվել առանց պատճառի և անօրինական կերպով։ Կարծում եք՝ սա կվախեցնի և կլռեցնի մարդկանց։ Ձեր յուրաքանչյուր քայլը նոր ամոթ է դառնում Վրաստանի համար, արատավորում է երկրի հեղինակությունը և կորցնում է վստահությունը», — նշել է նա:
Զուրաբիշվիլին իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի, ակտիվիստների հանդեպ բռնության և ընդդիմադիր առաջնորդների անարդար ձերբակալությունների մեջ՝ նշելով, որ նման քայլերը «հակավրացական քաղաքականություն» են և վնասում են երկրի միջազգային հեղինակությանը։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Ազգային շարժման քաղաքական խորհրդի նախագահ Լևան Խաբեշվիլին կալանավորվել է պաշտոնյաներին հրապարակավ կաշառք խոստանալու մեղադրանքով։ Քաղաքական գործիչ Մուրթազ Զոդելավան ձերբակալվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հիմքով, որը նախատեսում է 2-ից 5 տարի ազատազրկում։