Երեկ` սեպտեմբերի 14-ին, եվրոպամետ բողոքի ակցիայի 291-րդ օրն էր. 291 օր շարունակ քաղաքացիներն ամեն օր հավաքվում են Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, պահանջելով նոր/արդար խորհրդարանական ընտրություններ և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում։
«Լևան Խաբեշվիլիի ձերբակալությունը չի փոխի հոկտեմբերի 4-ի ծրագիրը»,- այս կարգախոսով Վրաստանի քաղաքացիները հայտարարել են, որ կանցկացնեն նախատեսված լայնածավալ հանրահավաքը խաղաղ բողոքի ձևաչափով։
Նշենք, որ դատավոր Պիքրիա Սիքտուրաշվիլիի որոշմամբ՝ «Ազգային շարժման» քաղաքային խորհրդի ղեկավար Լևան Խաբեիշվիլին դատապարտվեց ազատազրկման։
Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ Թբիլիսիին զուգընթաց` հոկտեմբերի 4-ին նախատեսված ցույցին միացել են նաև շրջանները։ Նրանց խոսքով՝ բողոքի ակցիայի նպատակն է պահանջել երկրում քաղաքական փոփոխություններ և ամրապնդել հասարակության համար առաջնահերթ ոլորտները։
Երեկվա ակցիայի ժամանակ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Էլենե Խոշտարիան Կախա Կալաձեի պաստառի վրա բողոքի գրություն է թողել՝ «Ռուսական երազանք»։ Դրանից հետո Կալաձեի պաստառների մոտ ոստիկանություն է մոբիլիզացվել։ Բոլոր պաստառները պահպանում են իրավապահ մարմինների աշխատակիցները։