Վրաստանում 2025-2026 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը կազմել է 47 հազար 630 աշակերտ։ Այս ցուցանիշը զգալիորեն պակաս է նախորդ տարիների համեմատությամբ և շարունակական նվազման միտում է ցույց տալիս։
Ըստ կրթության նախարարության տվյալների՝ այս աշակերտներից 40 հազար 972-ն ընդունվել են հանրապետության պետական դպրոցներ, իսկ 6658-ը՝ մասնավոր դպրոցներ։
Համեմատության համար՝
- 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը եղել է 53 հազար 79,
- 2023-2024 ուսումնական տարում՝ 55 հազար 767,
- 2022-2023 ուսումնական տարում՝ 59 հազար 43։
Հիշեցնենք, այսօր Վրաստանի դպրոցներում մեկնարկել է 2025-2026 ուստարվա դասապրոցեսը. ուսումնական տարին Վրաստանում սովորաբար սկսվում է սեպտեմբերի կեսին և ավարտվում հունիսի կեսին։