Բիլինգուալ ուսուցման համակարգը՝ պետական լեզուն սովորելու բանալի

Վրաստանում բիլինգուալ (երկլեզու) ուսուցման համակարգի բենեֆիցիարներն ու ուսուցիչները համարում են, որ երեխաների համար սկզբից տարօրինակ թվացող այս միջոցը հնարավորություն է տալիս սովորելու պետական լեզուն և ինտեգրվելու հասարակությանը։ 

Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երեխաների համար առաջին անգամ երկլեզու ուսուցումը 2009 թ.-ից է սկսել  գործել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում ԵԱՀԿ-ի աջակցությամբ մշակված ծրագրով։ Մուլտիլինգվիստային կրթական ծրագրերի փորձարկման համար ընտրվել  է 40 ուսումնական հաստատություն (այդ թվում՝ տարբեր սեկտորներ ունեցող դպրոցներ):

 Նախաձեռնության նպատակն է եղել բարելավել երկլեզու ուսուցման որակն ու մատչելիությունը կրթության ոլորտում, մասնավորապես՝ Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում։ Ծրագրի սկզբում հրատարակվել են նաև երկլեզու դասագրքեր ոչ վրացախոս աշակերտների համար, որտեղ ուսումնական նյութի 35%-ը վրացերենով էր։ Ժամանակի ընթացքում ծրագիրը ենթարկվել է բազում փոփոխությունների և այսօր ունի այլ տեսք:

Բիլինգուալ ուսուցման մեթոդը, որը այսօր գործում է մոտ 300 դպրոցներում և սեքտորներում, սկսել է գործել  2021 թվականից։ Դպրոցներում երկլեզու կրթությունը փորձնական հիմունքներով ներդրվել է հինգ առարկայում․ II դասարանից՝ մաթեմատիկայում և նկարչության մեջ, III դասարանից այս երկու առարկային ավելանում են բնագիտությունը և «Ես և հասարակությունը», իսկ V դասարանից՝ «Մեր Վրաստանը»։ 

«Եթե խոսում ենք բիլինգուալ (երկլեզու) ուսուցման մասին, ըստ իս` ավելի արդյունավետ է, երբ երեխաները մանկապարտեզից են սկսում և դպրոցում շարունակում. քանի որ արդեն ծանոթ են լինում միջավայրին, հետևաբար ավելի հեշտ և արդյունավետ է ստացվում ուսուցումը», — նշեց Լիլիթ Կարապետյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում։ Լիլիթն արդեն երեք տարի է, ինչ աշխատում է դպրոցում բիլինգուալ ուսուցման ուղղությամբ։ 

Ըստ ուսուցչուհու` այն աշակերտների համար, որոնք ավելի ուշ են սկսում ուսուցանել բիլինգուալ տարբերակով, տարօրինակ է այն փաստը, թե ինչու չեն տեղեկությունն ամբողջությամբ ստանում իրենց հասկանալի լեզվով։ Այդ իսկ պատճառով հարկավոր են վրացերենի լավ մասնագետներ և բիլինգուալ ուսուցանող ուսուցիչներ, որպեսզի այս ամենը չվերածվի առարկայի կամ ուսուցման տարբերակի հանդեպ հակակրանքի։ Դա շատ բարդ է և բավականին մեծ աշխատանք է պահանջում մասնագետից։ 

Ըստ ծնողների` բիլինգուալ ուսուցումը թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար բավականին բարդ է, սակայն դա անհրաժեշտ է պետական լեզվի ուսուցման և ինտեգրման համար։

«Ինքս վրացերենին լավ չեմ տիրապետում, բայց երեխայիս հետ միասին զբաղվելով՝ սկսել եմ նաև ես սովորել։

Կարծում եմ, ծրագիրը ճիշտ ժամանակին է մեկնարկել և չպետք է դադարեցվի, քանի դեռ չենք հասել այն արդյունքին, երբ կկարողանանք ազատ շփվել վրաց հասարակության հետ առանց որևէ օգնության։

Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեր ինտեգրման համար, հետևաբար չենք կարող չօգտվել այս հնարավորությունից»,- ասաց ծնողներից մեկն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում։

«Սկզբում աշակերտների համար տարօրինակ այս ծրագիրը կարող է օգնել նրանց մինչև ուսանող դառնալը ինտեգրվելու հասարակությանը և կարող է առաջացնել ցանկություն վրացերենով սովորելու ու գործունեություն ծավալելու»,- նշեց ուսուցչուհին։   

Հիշեցնենք, որ բիլինգուալ (երկլեզու) ուսուցումը Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի կրթական ծրագրում գործում է արդեն մի քանի տարի՝ նպատակ ունենալով նպաստելու ազգային փոքրամասնությունների երեխաների պետական լեզվի իմացության խորացմանը և նրանց ինտեգրմանը կրթական ու հասարակական կյանքում։