Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մառնեուլիի և Ծալկայի աշակերտներն այցելել են Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան, տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 16-18-ին կայացած այցելության առաջին օրը հագեցած էր մշակութային ծրագրով, աշակերտների խումբն այցելել է Ախթալայի վանք, Հաղպատի վանական համալիր, Զարնի-Պարնի քարայրամրոցային համալիր․

«Երեխաները շրջեցին նաև Լոռու մարզի COAF Սմարթ կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը և իրականացվող կրթական ծրագրերին։ Հուլիսի 17-ին աշակերտների խումբն այցելեց Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանց ներկայացրին կենտրոնի կրթական ծրագրերը։ Երեխաները եղան նաև «ԱՍԷԴԼ» ընկերությունում, ծանոթացան արտադրամասում աշխատանքային գործընթացի կազմակերպմանը, ինչին հաջորդեց վիրահայ գործարարների հետ հանդիպումը»։

Այցի վերջին օրը դպրոցականներն այցելել են ՀՀ Ազգային ժողով, որտեղ նրանց դիմավորել և հետաքրքրող հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նույն օրը խումբը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և շրջել թանգարան-ինստիտուտում։ Դպրոցականները հյուրընկալվել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, որտեղ հանդիպել են Հայաստանում Վրաստանի հյուպատոս Մամուկա Ջանբազիշվիլիի հետ։

Հաղորդագրության համաձայն՝ աշակերտների խմբին ուղեկցել է Վրաստանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը։ ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին, որոնք աջակցել են աշակերտների այցի կազմակերպմանը Հայաստան։