Վրացի էմիգրանտները մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացնում

Այսօր` հոկտեմբերի 4-ին, Թբիլիսիում նախատեսված զանգվածային բողոքի ցույցի հետ միաժամանակ ցույցեր կկայանան աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, Ավստրալիայի քաղաք Սիդնեյում և այլուր:

«Ազատություն քաղբանտարկյալներին։ Կորչի ռուսական պատվերներ կատարող երազանքը», – գրված է նրանց պաստառների վրա։

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, մայրաքաղաքի գլխավոր փողոցում քաղաքացիները հավաքվել են ժամը 16:00-ից։ Ուսանողների բողոքի երթն արդեն սկսվել է, նաև այն էմիգրանտների երթը, որոնք հատուկ այս օրվա համար հայրենիք են վերադարձել։

«Ծառայենք հայրենիքին՝ ժամը 16:00-ին բոլո՛րս դեպի Ռուսթավելիի պողոտա» – հայտարարել է «Ռուսթավելիի պողոտա» միավորման հիմնադիր Պաատա Բուրճուլաձեն։

Աղբյուրը՝ Publika

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։