Բողոքի ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն ցույցի ժամանակ գիտակցությունը կորցրել է, ինչից հետո շտապ օգնության մեքենան նրան տեղափոխել է կլինիկա:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կիրառել է պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Այս պահին հայտնի չէ, թե արդյոք նրա վիճակը կապված է պղպեղի սփրեյի և արցունքաբեր գազի ազդեցության հետ։ Ինքը Բուրճուլաձեն ասել է, որ հետազոտություններ անցնելուց հետո կվերադառնա ու կմիանա ցուցարարներին:
Նշենք, Թբիլիսիում ընտրություններին ու բողոքի ցույցին զուգահեռ՝ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. ՆԳՆ-ն պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառել ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ, նրանց թվում՝ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն: Կան նաև բերման ենթարկվածներ:
Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ. այդ ընթացքում Ռուսթավելիի պողոտայում ցույցը խաղաղ շարունակվում է: