ԵԽ-ն աջակցել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու մասին բանաձևին

Եվրախորհրդարանը ձայների 468 կողմ, 99 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Եվրամիության ընդլայնման մասին բանաձևը, 58 պատգամավոր ձեռնպահ է մնացել բանաձևին աջակցելուց։

Եվրախորհրդարանի պատգամավորների ընդունած բանաձևը կոչ է անում Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ, ինչպես նաև՝ Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։

Մասնավորապես, ըստ բանաձևի տեքստի՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են, որ դեկտեմբերի 14-15-ը նախատեսված նիստում Եվրոպական խորհուրդը որոշում կայացնի Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսել, ինչպես նաև՝ որոշակի բարեփոխումներից հետո անդամակցության բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։

Ի դեպ, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշման նախօրեին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսին, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին նամակներ է հղել։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։

Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանել է ինը նախապայման: Վրաստանի համար սահմանված ինը նախապայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշ հանձնարարականներ լիովին նոր են։ 9 նախապայմանների մասին կարդացեք այստեղ:

Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։

ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն