Ոստիկանի կոկորդին դանակով հարվածող քաղաքացին կալանավորվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թեոնա Էպիտաշվիլին 34-ամյա Մալխազ Գիգուաշվիլիին, որը մեղադրվում է ոստիկանին դանակահարելու համար, որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։

Մեղադրող Գիորգի Գոգալաձեն դատավորին ներկայացրել էր կալանքի միջնորդություն։

34-ամյա մեղադրյալի հանրային պաշտպան Դալի Թուշիշվիլին խնդրել է մեղադրյալին ազատ արձակել առանց խափանման միջոցի կիրառման։

Մալխազ Գիգուաշվիլին մեղադրվում է ոստիկանին ծառայողական պարտականությունները կատարելիս սպանության փորձ կատարելու համար, որը նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Քննության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Քեթևան Դեդոփալիի պողոտայում։ Մեղադրյալը դանակահարել է պարեկային տեսուչ, ոստիկանության կապիտան Բ.Բ.-ին, ծնված 1993 թվականին։