Ովքեր են դիտարկել ՏԻՄ ընտրությունները. հանրության արձագանքը

2025 թվականի ՏԻՄ ընտրությունները, նախընտրական և հետընտրական իրավիճակը համընդհանուր քննարկման թեմաներ են ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ 2025 թվականի ընտրություններն աչքի ընկան այն իրողությամբ, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությունները չդիտարկեցին դրանք։

Դիտորդների թիվը 13 անգամ պակաս էր 2021 թվականի ընտրությունների համեմատ, ինչը փորձագետների և հասարակության շրջանում հարցեր է առաջացնում գործընթացի թափանցիկության վերաբերյալ։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ներկա սակավաթիվ միջազգային շարքում բացակայում էր ամենահեղինակավոր միջազգային դիտորդական առաքելություններից մեկը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը)։

Այս հանգամանքը առիթ դարձավ փորձագիտական և հանրության լայն շրջանակին քննարկելու «կեղծ դիտորդների» առկայության հարցը և արձանագրելու, թե ինչպես կարող է կիրառվել դիտորդների ներկայության փաստն իշխանության լեգիտիմացման համար։

Սրա մասին դեռևս մինչ ընտրությունները բարձրաձայնում էին վրաց փորձագետները. «Կեղծ դիտորդներ» են անվանում քաղաքականապես կողմնակալ դիտորդներին, որոնց, որպես կանոն, օգտագործում են ավտորիտար ռեժիմները՝ ընտրությունների, իբր, ժողովրդավարական անցկացումը ներկայացնելու համար։

Միջազգային դիտորդներ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ընտրություններին մասնակցելու համար գրանցել էր 81 միջազգային դիտորդի, որոնք ներկայացնում էին 28 կազմակերպություն։

Համեմատության համար ասենք, որ 2021 թվականի ընտրությունների առաջին փուլին եղել է 1024 դիտորդ, իսկ երկրորդ փուլին՝ 1102։ Այսինքն, ներկայիս թիվը գրեթե 13 անգամ պակաս է չորս տարի առաջվա թվից։

Դիտորդների թվով առաջատարն էր սերբական «ALTERFACT» կազմակերպությունը (կենտրոնացած է քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների վրա), որը Վրաստան էր ուղարկել 20 դիտորդի։

Դիտորդների թվով երկրորդ տեղում էին հունգարական կազմակերպությունները, այդ թվում՝ Հունգարիայի դեսպանատունը Վրաստանում և Հիմնարար իրավունքների կենտրոնը (որի առաքելությունն է պաշտպանել ազգային ինքնությունը, ինքնիշխանությունը և քրիստոնեական ավանդույթները)։

Մնացած կազմակերպություններից յուրաքանչյուրը Վրաստան էր ուղարկել մեկից երեք դիտորդ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը Վրաստան չէր ժամանել. կազմակերպության խոսքով՝ ընտրություններից մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում ուղարկված հրավերը «բավարար ժամանակ չէր հուսալի և բովանդակալից դիտորդության համար»։

Մինչ այդ, «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մասնակցությունը պարտադիր չէ։ 2014 թվականի ընտրություններն էլ են անցկացվել առանց ԵԱՀԿ առաքելության, սակայն այն ժամանակ դա պայմանավորված էր առաքելության ֆինանսական խնդիրներով։

«Կեղծ դիտորդների» գործոնը

Եվրոպական ժողովրդավարական ընտրությունների պլատֆորմի (EPDE) գնահատմամբ, նման դիտորդների կարիքն զգացվում է ժամանակակից ավտորիտար և կիսաավտորիտար ռեժիմներում, և այս անձինք ու խմբերը ձևականորեն մասնակցում են ընտրություններին, բայց իրականում նրանց նպատակը կասկածելի ընտրությունների օրինականացումն է և հեղինակավոր կազմակերպությունների քննադատության չեզոքացումը։

Այս մեթոդն արդեն փորձարկվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նման երկրներում, և հետազոտողների կարծիքով` Վրաստանում նույնպես ի հայտ է եկել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում։

«Ատլանտյան խորհրդի» (Atlantic Council) հետազոտող Էթո Բուզիաշվիլին իր ուսումնասիրության մեջ գրել է, թե այդ 23 անձինք քանի որ չէին ներկայացնում այնպիսի հեղինակություն ունեցող կազմակերպություններ, ինչպիսին է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, դա ցույց է տալիս, որ «իշխանամետ լրատվամիջոցները դիտավորյալ ընտրել են այն դիտորդներին, որոնք կաջակցեին իրենց օրակարգին և կուժեղացնեին կուսակցության պաշտոնական նարատիվը»։

Միջազգային վերահսկողություն

Ընտրությունների օրը և դրանից հետո իշխանամետ հեռուստաալիքները («Իմեդի», «Ռուսթավի 2» և Հանրային հեռարձակողը) ակտիվորեն մեջբերում էին այն դիտորդներին, որոնք բացառապես դրական էին գնահատում Վրաստանում անցկացված տեղական ընտրությունները։

Միջազգային դիտորդներից պաշտոնապես ներկա էին Եվրոպական Միության երկու երկրի՝ Սլովակիայի և Հունգարիայի ներկայացուցիչները։

Որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները նշել են այնպիսի երկրներից դիտորդների առկայության մասին (օրինակ՝ Ճապոնիայից և Կորեայից), որոնք չեն եղել պաշտոնական ցուցակներում։

Այս միջազգային դիտորդներից ոմանք նախկինում մասնակցել են Ռուսաստանում միջազգային հանրության մերժած ընտրությունների օրինականացմանը։

Նման օրինակ է Ֆրանկ Պենգամը՝ «Géopolitique Profonde» նախագծի ղեկավարը, որին վրացական լրատվամիջոցները ներկայացնում են որպես ֆրանսիացի դիտորդ (չնայած Ֆրանսիան պաշտոնապես չի դիտարկել ընտրությունները), և դրա մասին ի սկզբանե հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը.

Պենգամի գնահատականը սա էր.

«Ընտրությունների արդյունքները ճշմարիտ են, դրանք արտահայտում են ժողովրդի կամքը, մենք որևէ խախտում չենք տեսել, դուք ընտրությունները Ֆրանսիայից ավելի լավ եք անցկացնում»։

Հատկանշական է, որ Պենգամը Ռուսաստանի Դաշնությունում 2024 թվականի նախագահական ընտրությունները նույնպես նմանատիպ էր գնահատել։
«Ռուսաստանում ընտրություններն ընթացել են ամենաբարձր մակարդակով»,- ասել էր նա։

Իսկ ահա ընտրությունների օրը լուսաբանող լրատվամիջոցները հայտնում էին մի շարք ընտրախախտումների մասին, այդ թվում` ընտրակաշառքի, ընտրությունների օրն ագիտացիայի և այլ խախտումների մասին։

Այդպիսի դեպքեր են գրանցվել, օրինակ, Բաթումիում. մասնավորապես TV Pirveli-ն հաղորդել էր, որ Քութաիսիում ընտրողների վերահսկողության դեպքեր են նկատվել տաքսիներում և ավտոբուսներում երթևեկող անձանց նկատմամբ:

Ըստ աղբյուրի` Փիրոսմանիի փողոցում` 15-րդ ընտրատարածքի դիմաց, միկրոավտոբուսում եղել է մարդկանց մի խումբ հատուկ ցուցակներով. նրանցից մի քանիսը հաստատել են, որ իրենց մոտ իսկապես եղել են ցուցակներ, նշել են, որ այդտեղ են ապրում և գրանցում են հարևաններին: Ընտրակաշառքի հավանական դեպք էր գրանցվել նաև Գորիի 14-րդ ընտրատեղամասի մոտ։ Քաղաքացիները գրել էին, որ որոշ անձինք ընտրատեղամասի մոտ ցուցակներով կանգնած գումար են բաժանում։

Վրացական ՀԿ-ների դիրքորոշումը 2025 թվականի Տեղական ընտրությունների թափանցիկության մասին

Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ) բացասական են արտահայտվել 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ընտրությունների թափանցիկության և իրենց մասնակցության անհնարինության մասին:

Հիմնական կետերը, որոնք հնչեցրել են վրացական ՀԿ-ները և վերլուծաբանները, հետևյալն են.

1. Դիտորդական առաքելությունից հրաժարվելը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստանը» (Transparency International Georgia, TI-Georgia) հայտարարել էր, որ չի դիտարկի 2025 թվականի տեղական ընտրությունները։

Ըստ կազմակերպության` պատճառը քաղաքացիական հասարակության համար «Վրացական երազանք» կուսակցության կառավարության ստեղծած ռեպրեսիվ և ճնշող միջավայրն է։ Նոր օրենքները, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը (կամ «Ռուսական օրենքը») գրեթե անհնար են դարձրել վրացական ՀԿ-ների գործունեությունը՝ սպառնալով նրանց մեծ տուգանքներով, քրեական հետապնդումներով և ոտնձգություններով։

TI-Georgia-ն նշել է, որ ինքը գտնվում է Հակակոռուպցիոն բյուրոյի կրկնակի վերահսկողության տակ, իսկ գործադիր տնօրենը կանչվել է հարցաքննության, ինչը ստեղծում է քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքների լուրջ վտանգ։

Նրանք նաև նշել էին, որ նման պայմաններում անկախ դիտորդները լիովին անպաշտպան կմնան իշխող կուսակցության վերահսկողությամբ գործող իրավապահ մարմինների հարձակումների, սադրանքների և շինծու մեղադրանքների առջև։

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն»-ը (ISFED) և այլ ՀԿ-ներ նույնպես հայտարարել են, որ քաղաքացիական հասարակության դեմ կառավարության կիրառած ճնշող միջոցները (սահմանափակող օրենքների ընդունում, քրեական հետաքննություններ, բանկային հաշիվների սառեցում) անկախ դիտորդությունը դարձրել են անհնար կամ անիմաստ։

2. Ընտրությունների լեգիտիմության հարցը. վրացական և միջազգային փորձագետները (օրինակ՝ McCain Institute-ը) նշել են, որ տեղական ընտրություններն ընկնում են «կեղծ ընտրությունների» կատեգորիայի մեջ, քանի որ «Վրացական երազանք»-ի իշխանությունը խարխլել է ժողովրդավարական գործընթացի վստահելիությունը դեռևս 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո լայն տարածում գտած ահաբեկման, կոռուպցիայի և մանիպուլացիայի միջոցով։

4. ՀԿ-ները և վերլուծաբանները շեշտել են, որ իշխանության հետ կապված կամ նրա հրավիրած դիտորդական խմբերի առկայությունը, որոնք ներկայացնում են ոչ ժողովրդավարական պետություններ կամ կողմնակալ դիրքորոշում ունեն, ծառայում է որպես ընտրությունների կեղծ լեգիտիմացման գործիք։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ անկախ դիտորդի իրավունքներն այս ընտրություններին էլ ավելի էին սահմանափակվել։

«Կազմակերպությունները, որոնք ավանդաբար դիտարկում են ընտրությունները, այս ընտրությունները չկարողացան դիտարկել՝ ելնելով այն սահմանափակումներից, որոնք այս տարի գործում են երկրում։

Դիտորդի իրավունքներն այս ընտրություններին էլ ավելի էին սահմանափակվել։ Իսկ ովքեր դիտարկում էին, իրականում նրանց մեծ մասը իշխող կուսակցության արբանյակային կազմակերպություն էր։ Նրանց ֆինանսավորումը նույնպես թափանցիկ չէ, և ոչ ոք չի ճանաչում նրանց։ Կամ` ոմանց ճանաչում ենք նախորդ ընտրություններից որպես «Վրացական երազանք»-ի օժանդակ կազմակերպություններ»,- ընդգծեց Նանուաշվիլին։

Այդ թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաև «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերության» գործադիր տնօրեն Լևան Նատրոշվիլին։

«Յուրաքանչյուր ընտրության ժամանակ մենք տեսնում ենք որոշակի խմբեր, կազմակերպություններ, որոնք գրանցվում են որպես դիտորդական կազմակերպություններ։ Այս երևույթը միջազգային մակարդակով անվանում են «կեղծ դիտորդներ»։ Սա տարածված երևույթ է այնպիսի երկրներում, ինչպիսին Վրաստանն է. կան որոշակի խմբեր, որոնք որոշակի գումարի դիմաց կարող են դիտարկել ընտրությունները և պատրանք ստեղծել, որ իրականում կա ընտրությունների դիտարկում։

Նրանք կարող են նույնիսկ հրապարակել զեկույցներ, որոնք սովորաբար դրական են», — ասել էր «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերության» գործադիր տնօրենը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 4-ի քաղաքային ընտրություններում Թբիլիսիում անցողիկ շեմը հաղթահարեց 4 կուսակցություն, և վերը նշված սկզբունքի համաձայն՝ նրանց համամասնական մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ.

«Վրացական երազանք» — 20
«Հզոր Վրաստան» — 2
«Գիրչի» — 2
«Պահպանողականներ Վրաստանի համար» — 1
Նախորդ քաղաքային ընտրություններում երրորդ լավագույն արդյունքն ունեցող կուսակցությունը՝ «Գախարիան Վրաստանի համար»-ը, չհաղթահարեց 4% շեմը և դուրս մնաց Թբիլիսիի քաղաքային խորհրդից։

«Վրացական երազանք»-ը հաղթեց բոլոր 25 մեծամասնական շրջաններում, հետևաբար, Թբիլիսիի քաղաքային խորհրդում կունենա 45 անդամ։ Ընդդիմության մի մասը բոյկոտ էր հայտարարել և չէր մասնակցել ընտրություններին։ Այս ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը Վրաստանի պատմության մեջ ամենացածրն էր։

 ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։

ՏԻՄ ընտրություններն առանց դիտորդական կազմակերպությունների