ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվել է Թբիլիսիում։ Նա հանդիպել է Վրաստանի ԱԳ նաաարար Մակա Բոճորիշվիլիին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով` հանդիպմանը քննարկվել է երկրների միջև առկա առանձնահատուկ բարեկամությունն ու բարիդրացիությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ կողմերը վերանայել են համագործակցության ապագա հեռանկարները և տարածաշրջանային ու գլոբալ նշանակության հարցերը։
Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս, Մակա Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում, իսկ այցերը բնութագրվում են դրական դինամիկայով։ Ընդգծվել է, որ Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության հռչակագիրը երկու երկրների միջև առկա բացառիկ հարաբերությունները և համագործակցությունը տեղափոխել է որակապես նոր մակարդակ։
«2025 թվականը դինամիկ էր մեր երկրների միջև հարաբերություններում։ Կարող ենք համարձակորեն ասել, որ մեր ժողովուրդների բարեկամությունը, մեր երկրների կապերն ամբողջությամբ արտացոլված են քաղաքական երկխոսության ինտենսիվության մեջ»,- ասել է Բոճորիշվիլին։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարները խոսել են տարածաշրջանում առկա իրավիճակի և անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ ջանքերի կարևորության մասին։ Այս համատեքստում նախարարները դրական են գնահատել 2025 թվականի ապրիլին Վրաստանում փոխարտգործնախարարների մակարդակով կայացած Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եռակողմ հանդիպումը։
«Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը։ Այս պատմական համաձայնագիրը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված կարևորագույն քայլ է և ճանապարհ է բացում տարածաշրջանի երկարաժամկետ ու կայուն զարգացման նոր հնարավորությունների համար»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններին և տարածաշրջանի տարանցիկ ներուժին։ Նշվել է, որ Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է, իսկ զբոսաշրջության ոլորտում՝ առաջին եռյակում։ Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը տրանսպորտի, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում։
Հատկանշական է, որ սա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան։ Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։