Վիրահայերը նշում են Վարդատոնը. լուսանկարներ

Այսօր՝ մայիսի 29-ին վիրահայերը նշում են Վարդատոնը։ Այն նշվում է ամեն տարի, մայիս ամսին` ի պատիվ Թբլիսիում գործունեություն ծավալած, ուշ միջնադարի հայ մեծ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի։

Առավոտյան ժամը 11-ից Հովհաննես Թումանյանի տուն թանգարանից մեկնարկեց Վարդատոնի ավանդական մաս դարձած վարդերով երթը: Ըստ տեղեկության՝ երթի գաղափարը Հովհաննես Թումանյանինն է եղել, երբ գրողներն ու հասարակական գործիչները միասին հավաքվել ու նշել են աշուղի ծննդյան օրը:

Այս պահի դրությամբ Վրաստանի տարբեր շրջաններից հավաքված քաղաքացիները, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, հոգևորականներն արդեն երթով հասել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում գտնվող Մեյդան (Գորգասալի հրապարակ):

Իսկ մինչ այդ քաղաքացիները հավաքվել են Թումանյանի տուն թանգարանում և լսել ինչպես Վարդատոնի և Սայաթ-Նովայի մասին հետաքրքիր պատմություններ, այնպես էլ «Վարդատոն»-ի և երթի հիմքում կանգնած Թումանյանի կյանքից հետաքրքիր դրվագները:

Տոնը կազմակերպում է «Վիրահայերի Միությունը»` Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աջակցությամբ։

Միջոցառման ինֆորմացիոն գլխավոր գործընկերներն է «Ալիք մեդիան»։

Անցյալ տարվա «Վարդատոնի» մասին կարդացեք՝

Վարդատոնի համերգը պանդեմիայի պատճառով այս տարի էլ չի կայանա