Դժվար է կոնկրետ կանխատեսում անել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ

Վրաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Իլիա Դարչիաշվիլին այսօր Վրաստանի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է, որ «այս փուլում դժվար է կոնկրետ կանխատեսում անել Վրաստանի համար ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ»։

«Երբ խոսքը վերաբերում է քաղաքական որոշմանը, որը ԵՄ անդամ 27 երկրների միասնական աջակցության կարիքն ունի, ապա դժվար է կանխատեսում անել։

Վրաստանը բավարարում է անհրաժեշտ չափանիշները և պատրաստ է ընդունել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը։ Ավելին, նա իսկապես արժանի է դրան։

Նման որոշումը պահանջում է նաև ԵՄ-ից պատրաստ լինել բացելու իր դռները նոր անդամների առաջ», — ասել է Դարչիաշվիլին։

Ըստ ԱԳ նախարարի՝ հանդիպումների ժամանակ եվրոպացի գործընկերները ճանաչել են Վրաստանի տեղը եվրոպական ընտանիքում:

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ հանդիպումներում ամենուր լավատեսություն է, բոլորը ճանաչում են մեր եվրոպական ապագան, մեր գործընկերները Վրաստանը տեսնում են եվրոպական ընտանիքում։ Այնպես որ, կարծում եմ, որ այս բաղադրիչը շատ կարևոր է այն որոշումների ձևաչափում, որոնք կկայացվեն, բայց երբ կա ընդհանուր որոշում, շատ դժվար է կանխատեսումներ անել»,- նշել է նախարարը:

Նշենք, որ Վրաստանն արդեն ԵՄ-ին է հանձնել ինքնագնահատման հարցաշարը՝ կազմված առաջին և երկրորդ մասերից:

Կարդացեք նաև՝

Ինչն է խոչընդոտում Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին. կարծիքներ