Վերադառնալով արվեստին. սրտի գույներով նկարող դիլիֆցի նկարչի պատմությունը

Հազկերտ Կիրակոսյանը՝ Դիլիֆ գյուղի նկարիչն ու ոսկերիչը, տարիներ շարունակ արվեստը փոխանցել է սերունդներին և իր զգացմունքներն արտահայտել կտավներում։ Նրա ստեղծագործական վերածնունդը սկսվեց եկեղեցու որմնանկարից ու շարունակեց ապրել գույների մեջ։  

Դիլիֆ գյուղի գեղատեսիլ բնության գրկում մեծացած մեր զրուցակիցը մանկությունից շրջապատված է եղել այնպիսի միջավայրով, որտեղ գունային աշխարhի ու բնության համատեղությունը այլ կերպ էր ընկալվում։ Այդ միջավայրում էլ առաջին անգամ ծնվել է նկարչական հետաքրքրությունը․ մի հետաքրքրություն, որը հետագայում դարձավ Հազկերտ Կիրակոսյանի կյանքի հիմնական ճյուղերից մեկը։ 

«Եթե ի վերուստ մարդուն տրված է շնորհ, դա պետք է զարգացնել» — ասաց նկարիչն ու հիշեց, որ ուսանողական տարիներին իր ամենասիրելի զբաղմունքը նկարելն էր։ 

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա շարժվեց դեպի արվեստ՝ սովորելով Երևանի Մարտիրոս Սարյանի անվան ուսումնարանում՝ ոսկերչի մասնագիտությամբ։ Այս ընտրությունը պատահական չէր․ հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայում՝ Նադեժդա Կրուպսկայայի անվան արվեստի ժողովրդական համալսարանի գեղանկարչության բաժնում։ Այդ տարիները, ինչպես ինքն ասաց, լեցուն էին գույներով, ստեղծագործական որոնումներով և արվեստի նկատմամբ անսպառ հետաքրքրությամբ։ 

Կյանքը հաճախ իր շտկումներն է անում. ուսումն ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենի գյուղ՝ Դիլիֆ, և սկսեց աշխատել դպրոցում որպես կերպարվեստի ու գծագրության ուսուցիչ։ Զուգահեռաբար զբաղվում էր նաև ոսկերչությամբ՝ ստեղծելով նորաոճ և գեղեցիկ զարդեր, որոնք այսօր էլ մեծ նշանակություն ունեն արվեստագետի համար։ Թեև ստեղծագործական դադար կարծես եղել է, սակայն նկարչի մեջ կրակը երբեք չի մարել։  

«Նկարչության նկատմամբ հետաքրքրությունս չի դադարել։ Եթե տրված է շնորհ, դա պետք է զարգացնել», — ասաց նա։ 

Վերադարձն արվեստին եղավ խորհրդանշական։ Երբ հայրենի գյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատերը որմնանկարեց, վերսկսեց նկարել։ Այդ աշխատանքը ոչ միայն արվեստի հաղթանակն էր, այլև հոգևոր ինքնարտահայտման։ 

Այսօր նրան ոգեշնչում է բնությունը։ Ցանկացած եղանակ, գույն, լույս, ծառերի սոսափ կամ սարերի խաղաղ լռություն նրա ձեռքի տակ դառնում են կտավ։ 

«Մարդը բնությունից անբաժան է` որ տարիքում էլ լինի։ Ես փորձում եմ տեսնել, զգալ ու փոխանցել այն, ինչ տեսնում եմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արվեստից ստացած բավարարվածությունն անգին է։ 

Նկարչի գնահատմամբ` ընտանիքն ու ընկերները միշտ բարձր են գնահատել իր աշխատանքները։ Նրա կարծիքով՝ դա այն հենարանն է, որը ցանկացած ստեղծագործող պետք է իր կողքին ունենա։ 

Նկարիչը նաև պարզ, բայց բովանդակային ու իմաստալից խորհուրդ ուղղեց երիտասարդներին․  

«Եղեք նպատակասլաց, երբեք չվհատվեք անհաջողություններից, կիսատ մի թողեք այն, ինչ սկսել եք ու շարունակեք ձգտել դեպի ձեր նպատակները»։ 

Նրա համար արվեստը հոգևոր տարածություն է, որտեղ ինքը կարողանում է արտահայտել մտքերն ու հույզերը։ Նրա համար առանձնահատուկ են «Որդեկորույս մայրեր», «Մայրս», «Հույսի լույսը», «Աղավնիների ընդվզում» կտավները։ Սրանք ոչ միայն գեղարվեստական աշխատանքներ են, այլև ներաշխարհի բնագիր, հոգևոր արձագանք։ 

 

Ցուցահանդեսից հետո նա չի դադարել ստեղծագործել։ Նոր շարք է պատրաստում, որը, ըստ նրա, առաջիկայում կներկայացվի գեղարվեստի երկրագուներին։ «Կտավների նոր շարքը կլինի առաջիկա ցուցահանդեսին»,- ասաց նկարիչ Հազկերտ Կիրակոսյանը։ 

Նրա գլխում դեռ շատ պատկերներ կան, որոնք դեռ չեն կերտվել, բայց արդեն ուրվագծվում են էսքիզներում և նրա մտքերում։ Եվ հենց դա է արվեստագետի կյանքը՝ հույզերի, պատկերների և գույների անընդհատ ծնունդ։ 

Հեղինակ՝ Նինա Պապիկյան