Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները բողոք են ներկայացրել Գերագույն դատարան

Batumelebi և Netgazeti լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վրաստանի Գերագույն դատարան։

Փաստաբանները բողոքարկել են Քութաիսիի վերաքննիչ դատարանի որոշումը, որն անփոփոխ է թողել Բաթումիի քաղաքային դատարանի  Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ նշանակված 2 տարվա ազատազրկման դատավճիռը։

Վճռաբեկ բողոքարկման մեջ փաստաբանները դիմել են, որ Քութաիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատը չեղյալ հայտարարի Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 18-ի դատավճիռը և դրա փոխարեն կայացնի արդարացման դատավճիռ։

Փաստաբանները դիմել են դատարանին՝ վճռաբեկ բողոքը քննարկելու բանավոր լսումների միջոցով և թույլատրելու Մզիա Ամաղլոբելիին մասնակցել դատավարությանը։

«Վերաքննիչ դատարանը Մզիա Ամաղլոբելիի դատավճիռն անփոփոխ թողեց ոչ միայն պատժի, այլև որակման առումով։ Անդրադարձ չի եղել վերաքննիչ բողոքում մեր նշած որևէ հանգամանքի։

Քութաիսիի վերաքննիչ դատարանի դատավճիռն օրինականության առումով ավելի վատն է նույնիսկ առաջին ատյանի դատավճռից։

Կարող եմ ասել, որ Մզիա Ամաղլոբելին դատարանների երկու ատյաններով անցնելուց հետո երբեք չի օգտվել արդար դատաքննության իրավունքից՝ ո՛չ քննության փուլում (քանի որ արդար դատավարությունը ներառում է նաև քննության փուլը), ո՛չ Բաթումիի քաղաքային դատարանում, ոչ էլ Քութաիսիի վերաքննիչ դատարանում։ Վրացական դատարանները Մզիա Ամաղլոբելիին զրկել են պատճառաբանված որոշման իրավունքից», — ասել է Մզիա Ամաղլոբելիի փաստաբան Մաիա Մծարիաշվիլին։