Վարչապետը շնորհավորել է Էլդար Շենգելաիային՝ ծննդյան 90-ամյակի առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վրաց անվանի ռեժիսոր Էլդար Շենգելաիային՝ ծննդյան 90-ամյակի առթիվ։

Վարչապետն ընդգծել է, որ Շենգելաիայի ներդրումը վրացական կինոարվեստում անչափելի է և անգին։

«Բոլորիս համար այդքան սիրելի ու հպարտ նրա ստեղծագործությունն իր ուրույն տեղն ունի վրացական կինեմատոգրաֆիայում։ Էլդար Շենգելաիայի կինոգլուխգործոցների յուրաքանչյուր կերպար սեր ու բարություն է ճառագում և մինչ օրս հարազատ ու սիրելի է բոլոր սերունդների համար։

Վրաստանը հպարտ է, որ ունի համաշխարհային մակարդակի ռեժիսոր, որ հայտնի է դարձրել վրացական կինոն: Առողջություն և ուժ եմ մաղթում մեր մեծ ռեժիսորին»,- գրել է Ղարիբաշվիլին:

Ի դեպ, Էլդար Շենգելաիան ծնվել է 1933 թվականի հունվարի 26-ին, Թբիլիսիում: Ստեղծագործական ակտիվ գործունեություն է ծավալել 1957-1996 թվականներին: Բազմաթիվ պարգևների դափնեկիր է, 2022 թվականին արժանացել է «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Եղել է Վրաստանի խորհրդարանի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր: 12-ից ավելի ֆիլմերի հեղինակ է: