Վրաստանն առաջ է ԵՄ տասնյակ երկրներից․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վրաստանն առաջ է անցել ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև ԵՄ 14 և ՆԱՏՕ-ի անդամ 10-ից ավելի երկրներից։

«Բոլոր գնահատականներով, այդ թվում մի քանի ամիս առաջ Եվրահանձնաժողովի հրապարակած եզրակացությամբ սևով սպիտակի վրա գրված է, որ Վրաստանն առաջ է, առաջ է Մոլդովայից, Ուկրաինայից։

Ընդհանրապես մի շարք միջազգային վարկանիշային աղյուսակներում մենք իրականացրած բարեփոխումներով առաջ ենք ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև ԵՄ 14, ՆԱՏՕ-ի 10-ից ավելի երկրներից»,- ասել է վարչապետը։

Հատկանշական է, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ Վրաստանն առաջ է անցել Ուկրաինայից և Մոլդովայից։ Ավելի վաղ Ղարիբաշվիլին նաև նշել էր, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար իրավիճակում։

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։

Այս որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։