Վրաստանն առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա նշել է, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում։

Վարչապետի խոսքով՝ որևէ մեկը չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 անգամ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան թեկնածուի կարգավիճակ են ստացել՝ նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։

«Մենք եղել և մնում ենք Արևելյան գործընկերության երկրների առաջատար պետությունը։ Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված է եղել առկա քաղաքական իրավիճակով, քանի որ Ուկրաինան պատերազմական վիճակում է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում», — նշել է նա։

Վարչապետը հավելել է, որ նրանց նախապես տրվել է խրախուսական կարգավիճակ, բայց հիշյալ պետք է կատարեն նաև մի շարք առաջարկություններ և պայմաններ, ինչպես և Վրաստանը։