ՄԱՇ-ի նախագահ ընտրելու համար գրանցումն ավարտվել է

Վրաստանի ամենաազդեցիկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի ընտրության համար ընտրողների գրանցումն ավարտվել է: Ըստ ՄԱՇ-ի տարածած տեղեկատվության՝ քվեարկության համար գրանցվել է 49  հազար 756 մարդ։

Գրանցումն ավարտելուց հետո գրանցված անձանց ինքնությունը կճշտվի առաջիկա երկու օրվա ընթացքում։ Մասնավորապես, հատուկ խումբը, որը համալրվելու է նախագահի թեկնածուների ներկայացուցիչներով, կուսումնասիրի, թե արդյո՞ք գրանցված անձը կուսակցության իրական համախոհն է և չի՞ փորձում խոչընդոտել  գործընթացը։

Որոշելու համար, թե անձն իրո՞ք ՄԱՇ-ի կողմնակից է, ստուգվելու է տվյալ անձի ֆեյսբուքյան էջը, որն ավտոմատ կերպով նշվել է գրանցման ժամանակ։ Դրանից հետո քվեարկության գործընթացը կսկսվի հունվարի 28-ին, ժամը 10:00-ին և կավարտվի հունվարի 30-ին, ժամը 10:00-ին:

Ի դեպ, ՄԱՇ-ի նախագահի ընտրություններին մասնակցում են գործող նախագահ Նիկա Մելիան, Լևան Խաբեիշվիլին, Գիորգի Մումլաձեն և Նոնա Մամուլաշվիլին։

Գրանցումն ու քվեարկությունը կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով եզակի տեխնոլոգիական հարթակ՝ Blockchain համակարգը։