2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բյուջեի նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակների, նաև պաշտոնյաների ու դատավորների աշխատավարձերի ավելացում։
Խորհրդարանի կայքում արդեն տեղադրված է 2026 թվականի բյուջեի փաստաթուղթը, ըստ որի` կենսաթոշակը կավելանա.
- 70 տարեկանից փոքր թոշակառուների համար՝ 20 լարիով (մինչև 370 լարի),
- 70 տարեկան և ավելի տարեց անձանց համար՝ 45 լարիով (մինչև 495 լարի)։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների և դատավորների աշխատավարձերը ֆիքսված չեն։ Դրանք ամեն տարի վերասահմանվում են և հաշվարկվում երկու գործոնով՝ բազային աշխատավարձի ու խորհրդարանի սահմանած գործակցի արտադրյալով։ Գործակիցներն անփոփոխ են, մինչդեռ բազային աշխատավարձը վերահաստատվում է ամեն տարի և արտացոլվում բյուջեում։
Ով ինչքան աշխատավարձ կստանա.
Նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի աշխատավարձը կաճի 1400 լարիով և կդառնա 16 հազար լարի։
Խորհրդարանի փոխնախագահի աշխատավարձը կաճի 1260 լարիով և կդառնա 14 հազար 400 լարի։
Նախարարների և խորհրդարանական խմբակցությունների նախագահների աշխատավարձը կաճի 1190 լարիով և կդառնա 13 հազար 600 լարի։
Պատգամավորների աշխատավարձը կաճի 1120 լարիով և կդառնա 12 հազար 800 լարի։
Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը խորհրդարանի անդամի աշխատավարձը կազմում էր 4624 լարի, չնայած «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքով ավելացել է 2.5 անգամ։
Դատավորների աշխատավարձերը նույնպես աճել են.
- Գերագույն դատարանի և Սահմանադրական դատարանի նախագահներինը՝ 1400 լարիով, մինչև 16 հազար լարի։
- Գերագույն և Սահմանադրական դատարանների դատավորներինը՝ 1190 լարիով, մինչև 13 հազար 600 լարի։
- Վերաքննիչ դատարանի դատավորներինը՝ 1134 լարիով, մինչև 12 հազար 960 լարի։
- Քաղաքային և շրջանային դատարանների դատավորներինը՝ 1008 լարիով, մինչև 11 հազար 520 լարի։