Հայաստանի և Վրաստանի նախագահների հայտարարությունները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի նստավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։ 

Վրաստանի նախագահն ընգծել է, որ այս տարի լրանում է Վրաստան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ 

«Այս 30 տարիները համընկել են երկու երկների համար ամենադժվար տարիների հետ, բայց մեր հարաբերությունները եղել են ամբողջությամբ բարիդրացիական, և դա է ցույց տալիս նաև մեր դարավոր պատմությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։ 

Զուրաբիշվիլին նշել է, որ Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիան նոր մարտահրավեր է բոլորի համար, քանի որ այն խախտում է բոլոր միջազգային նորմերը և սկզբունքները, որոնց վրա կառուցված է միջազգային կարգը, անվտանգության ճարտարապետությունը։

Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, բոլորին անհանգստացնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումը, որն այսօր տեսնում ենք Ուկրաինայում.

«Այսպիսով, հերթական անգամ ոտնահարվում են մեր երկրների ինքնիշխան և տարածքային սկզբունքները։ Բոլորին անհանգստացնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումը, որը մենք տեսնում ենք այսօր, և որը տեղի է ունենում Ուկրաինայում։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և արտահայտում ենք մեր լիակատար համերաշխությունը»։

Կողմերը քննարկել են նաև տրանսպորտային և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը, տնտեսական և քաղաքական բոլոր հնարավորությունները։

Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կշարունակվի բանակցային գործընթացը, ինչ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հիմքն է։

Զուրաբիշվիլին նշել է, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներում իրավիճակը շարունակում է մնալ ծանր, ինքնիշխանության անտեսումը և մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են։

Նրա խոսքով, միևնույն ժամանակ, եվրաինտեգրման ճանապարհի նոր  հնարավորությունները խիստ կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար.

«Մեր տարածաշրջանի ապագան, միևնույն ժամանակ, սերտորեն կախված է խաղաղ միջավայրից, և մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն հաջողությամբ։ Մենք ողջունում ենք ԵՄ-ի ներգրավվածությունն այս հարցում: Մենք գիտենք, որ այս բանակցությունների արդյունքներից է կախված տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը, և այդ խաղաղության հաստատումից են կախված տնտեսական զարգացումը և բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են այս տարածաշրջանին և ապագայում մեծ հեռանկար են տալիս նրան»։

ՀՀ նախագահն իր հերթին ասել է, որ Վրաստանի նախագահի հետ բազմաթիվ հարցեր են քննարկել, սակայն առանցքային են եղել կոմունիկացիաները, տրանսպորտային հաղորդակցությունը, հումանիտար հարցերը։

«Խոսել ենք բարձր տեխնոլոգիական ոլորտի երկկողմ համագործակցության խորացման կարևորության մասին, և սա էական է նաև տարածաշրջանային զարգացման համար»,- ասել է Խաչատուրյանը։

Խաչատուրյանը նշել է, որ քննարկել են նաև անվտանգային, տարածաշրջանային հարցեր և այլն։