Վրաստանի նախագահն ընդունեց հայ գործընկերոջը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի նստավայրում ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:

ՀՀ նախագահին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Վահագն Խաչատուրյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնության համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նախատեսված է նաև հանդիպում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։