Երեկվա օրը համառոտ. մայիսի 23

Մինչև ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգի (Association Agenda) 2021-2027 թվականների առաջնահերթությունների պաշտոնական ընդունումը, համաձայնեցված փաստաթուղթն արդեն հրապարակային է Եվրամիության կայքում:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին։

Ղարիբաշվիլին Twitter սոցիալական ցանցում արձագանքել է Ripple-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը հանրային հատվածում ներդրել է բլոկչեյն տեխնոլոգիա։ Վարչապետը նշել է, որ բիզնեսին ուղղված միջավայրի և նորարարական մոտեցումների միջոցով կառավարությունը նպատակ ունի Վրաստանը դարձնել տարածաշրջանում տեխնոլոգիական և թվային ակտիվների հանգույց։

Վարչապետ Ղարիբաշվիլին Twitter սոցիալական ցանցում արձագանքել է նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Ակիհիկո Տանակայի հետ հանդիպմանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում կայուն և աջակցող բիզնես միջավայրը նոր շուկայական հնարավորություններ է ստեղծում Ճապոնիայի համար մեր տարածաշրջանում։

Ղարիբաշվիլին շնորհավորել է ողջ Վրաստանին, մասնավորապես աբխազ եղբայրներին և քույրերին Աբխազիայի օրվա կապակցությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանում՝ խոսել է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի մասին, որը հանգեցրել է տրանսպորտային միջանցքների փոփոխությունների։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալով Վրաստանը տարածքներ չի կորցրել:

Փոփոխվել է «Ուսուցչի գործունեություն սկսելու և դադարեցնելու կանոնները հաստատելու մասին» կարգ, ավելին՝ այստեղ:

Մայիսի 24-ից կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը։

Վրաստանում հնարավոր է հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը, պաշտոնապես հայտարարվի ոչ աշխատանքային օր:

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից անցկացված հարցման արդյունքներով Լաշա Տալախաձեն ճանաչվել է 2021 թվականի լավագույն ծանրորդ։

Թբիլիսիում ավտոբուսի կանգառում տղամարդը դանակահարել է իր կնոջը:

Գորիի մոտ՝ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ահազանգում է «կապիկի ծաղիկի» նոր սպառնալիքի մասին։

Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են ռեկորդային՝ 392,5 տոկոսով։

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը առուվաճառքի արդյունքում դարձել է 2,8767 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0677 լարի։

Եվ վերջում՝ Վրաստանում մայիսի 23-ից մինչև 25-ի օրվա առաջին կեսը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում քամու ուժգնացում։