Իրակլի Ղարիբաշվիլիի ձերբակալությունը․ արձագանքներ

«Վրացական երազանք»-ի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, որ պաշտոնավարել է 2013-2015 թվականներին, այնուհետև 2021-2024 թվականներին, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։

Նրա նկատմամբ կիրառվել է նաև լրացուցիչ 1 միլիոն լարի տուգանք։ Տեղեկությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը, ըստ որի` դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը մեղքի համաձայնության վերաբերյալ։

«Վրաստանի դատախազությունը մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ստորագրել է մեղքի համաձայնություն, ըստ որի՝ նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարի ազատազրկման՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար։

Դրանից բացի, որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է 1 միլիոն լարի տուգանք։ Նրանից նաև հօգուտ պետության կբռնագրավվեն հանցավոր գործունեության հետևանքով գոյացած և նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված դրամական միջոցները։

Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է կատարած հանցագործությունը և համաձայնել մեղադրանքի պայմաններին։ Դատարանն արդեն բավարարել է դատախազության միջնորդությունը մեղքի համաձայնության վերաբերյալ», — ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով, որը նախատեսում է 9-ից 12 տարի ազատազրկում: Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում է անօրինական եկամուտների օրինականացմանը։

Այս գործընթացը նաև մեծ արձագանք է առաջացրել քաղաքական վերնախավում և հասարակության մի խոշոր հատվածում։ Մինչ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները պնդում են, որ որևէ քաղաքական մոտիվացիա չի եղել իրավապահ համակարգի աշխատանքի հիմքում, և որ դա հանգամանալից իրավական գործընթաց է, ընդդիմադիրները և որոշ քաղաքագետներ նկատում են, որ նման մեծ և ազդեցիկ գործերը կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ, հատկապես երբ նմանատիպ որոշումները ինչպես ընդդիմադիր գործիչների, այնպես էլ նախկին պաշտոնյաների նկատմամբ անցկացվում են միաժամանակ։ 

«Մարդկայնորեն սա ինձ համար շատ տխուր է», — այսպիսին է եղել «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությունը  նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ձերբակալության մասին։

Ըստ Կոբախիձեի` դա արդարադատության հարց է։

«Միակ բանը, որ կարող եմ ասել` այն է, որ մարդկայնորեն սա ինձ համար շատ տխուր է։ Ես չեմ կարող ավելի մեկնաբանություն անել այս հարցի վերաբերյալ։ Սա արդարադատության հարց է, ևս մեկ անգամ կասեմ, որ տեղի ունեցածը ինձ համար տխուր է», — ասել է Կոբախիձեն։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս արձագանքել է Իրակլի Ղարիբաշվիլիի ձերբակալությանը։ Ըստ Զուրաբիշվիլիի` ռեժիմը կորցնում է դիրքերը։

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ «Վրաստանում ահաբեկությունը, քաղաքացիական հասարակությունից և ընդդիմությունից հետո, այժմ հասնում է նաև իշխող վերնախավին»։

«Քաղաքացիական հասարակությունից և ընդդիմությունից հետո Վրաստանում ահաբեկությունն այժմ հասնում է նաև իշխող վերնախավին. նախարարները (պաշտպանության, պետական ​​անվտանգության, տնտեսության) բանտում են։ Նախկին վարչապետ, պաշտպանության նախարար և ներքին գործերի նախարար Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Ռեժիմը կորցնում է դիրքերը», — գրել է  Զուրաբիշվիլին։

Հասարակության մի մասի կարծիքով՝  Իրակլի Ղարիբաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական հետապնդման զոհ է «Վրացական երազանք» կուսակցության նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների պես, և այդ մարդիկ հետապնդվում են ոչ թե օրենքի խախտումների, այլ Իվանիշվիլիի անձնական վերաբերմունքի պատճառով։

Հատուկ հանձնարարությունների վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իրակլի Շաիշմելաշվիլին Ղարիբաշվիլիի ձերբակալության դրդապատճառ է համարում Իվանիշվիլիի անձնական վրեժխնդրությունը: Այս տեսակետը նա հայտնել է «TV Պիրվելի» հեռուստաընկերության եթերում.

«Ղարիբաշվիլին ալկոհոլի ազդեցության տակ վիրավորել է Բիձինա Իվանիշվիլիին: Այդ ձայնագրությունը հասցրել են Իվանիշվիլիին, և նա չի ներել Ղարիբաշվիլիին դրա համար», — ասել է նա:

Շաիշմելաշվիլիի խոսքով. «2024 թվականի փետրվարին, երբ Ղարիբաշվիլին հեռացվեց վարչապետի պաշտոնից, վիրավորված Ղարիբաշվիլին Կախեթիում էր, նահանգապետի պաշտոնակատար Ալադաշվիլիի սեղանի մոտ, որտեղ նա ճակատագրական սխալ թույլ տվեց և ալկոհոլի ազդեցության տակ վիրավորեց Բիձինա Իվանիշվիլիին, որն էլ տարածեց Կոբախիձեն։ Կոբախիձեն, Մդինարաձեի հետ միասին, ակտիվորեն գործեց կառավարման ղեկը իր ձեռքը վերցնելու համար»:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում միջազգային հարաբերությունների փորձագետ, նախկին դիվանագետ Զուրաբ Փարջիանին ասաց, որ Ղարիբաշվիլիի ձերբակալությունը նպատակաուղղված էր, սակայն ինչ էր դա՝ ներքաղաքական հաշվեհարդար, թե արդարության վերականգնում, վիճելի հարց է. ըստ նախկին դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, վերջին շրջանի իրադարձություններում առկա են քաղաքական միտումներ.

«Ընդհանուր առմամբ, վերջին շրջանի իրադարձություններում առկա են քաղաքական դրդապատճառներ… չնայած կոռուպցիոն փաստերի վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր լրագրողական հետաքննությունների առկայությանը, ոչ մի արձագանք չի եղել, այդ թվում՝ վերահսկողություն չեն իրականացրել Հակակոռուպցիոն բյուրոն և խորհրդարանը։

Ղարիբաշվիլիի և նրա հետ կապված կոռուպցիոներների նկատմամբ վերահսկողության փոխարեն մենք ստանում էինք նրա բոլոր արարքների արդարացում»,- ընդգծեց նա։

Փարջիանին նկատեց. «Եվ չնայած կոռուպցիայի բազմաթիվ փաստեր կային, թեկուզ լրագրողական հետաքննությունների տեսքով, միևնույն է, չեմ հասկանում, թե ինչու են այս ձերբակալությունները տեղի ունենում հենց հիմա, ոչ թե երեկ (անցյալում)»։

Վրացի լրագրող Մերաբ Մետրևելիի խոսքով՝ այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ  Ղարիբաշվիլին ինքը չի առարկել մեղադրանքին։

«Եկամուտները թաքցնելը, իհարկե, օրենքով հանցագործություն է, բայց դուք շատ լավ գիտեք, որ խորհրդարանը, և ոչ միայն խորհրդարանը, լի է մարդկանցով, որոնք իրենց բիզնեսը հանձնել են ընտանիքի անդամներին, քանի որ օրենքը պաշտոնյաներին արգելում է բիզնեսով զբաղվել։

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ խորհրդարանի և կառավարության կեսը պետք է ձերբակալվի նույն մեղադրանքով։ Ինչո՞ւ մյուսները չեն ձերբակալվում։ Մի՞թե սա երկակի ստանդարտ և ընտրողական դատավճիռ չէ»,- գրել է նա։

Պատմաբան-լրագրող Դաթո Գամցեմլիձեի խոսքով՝ Իրակլի Ղարիբաշվիլիի դեպքը վրացական հասարակության «պոռթկում» է` հակված է դավադրության տեսություններին։

«Իրակլի Ղարիբաշվիլիի դեպքը վրացական հասարակության «պոռթկում» է, որը հակված է դավադրության տեսություններին։ Նույնիսկ եթե ոչ ոք ինձ հետ համաձայն չէ, միևնույն է` ես հարցին կպատասխանեմ տարբեր և բոլորից տարբեր. «Ո՞վ և ինչո՞ւ է բռնել Ղարիբաշվիլիին»։

Իմ պատասխանն է՝ պետությունը, պետական ​​ինստիտուտները, քանի որ նրանք ունեին կոնկրետ խախտման ապացույցներ»,- գրել է նա։

Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլիի դատավճիռը շարունակում է մնալ հասարակության լայն շրջանակի քննարկման թեմա։ Չնայած դատախազության ներկայացրած իրավական հիմքերին և հենց մեղադրյալի համաձայնությանը մեղադրանքին, հասարակական և փորձագիտական շրջանակներում հարցադրումները չեն դադարում:

Մի կողմից՝ պաշտոնական վարկածը շեշտադրում է օրենքի առջև բոլորի հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտն ու վերլուծաբանները մատնանշում են գործընթացի հնարավոր քաղաքական դրդապատճառներն ու դեռևս անհայտ հանգամանքները։