Կարևոր է, որ Վրաստանը և Վրաստանի ճգնաժամը մնան աշխարհի ուշադրության կենտրոնում, ասել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին The Brussels Times-ին տված հարցազրույցում։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ «ժողովրդի մեջ խոր արմատներ ունի այն զգացողությունը, որ Վրաստանը պետք է լինի անկախ և ունենա իր սեփական եվրոպական ապագան»։
«Նրանք (իշխանությունները — հեղ.) հստակորեն հետևում են Ռուսաստանի հրահանգներին՝ Եվրոպայի հետ կապերը խզելու, կոշտ հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանություն օգտագործելու առումով, ինչը բնորոշ չէ վրացիներին», — ասել է Զուրաբիշվիլին։
Նա նաև նկատել է, որ աշխարհում բազմաթիվ աշխարհաքաղաքական ճգնաժամերի ֆոնին դժվար է ապահովել, որ Վրաստանը մնա ուշադրության կենտրոնում։
Վրաստանի հինգերորդ նախագահը նշել է, որ Եվրամիության անգործությունը «բացասաբար է անդրադառնում Վրաստանի ժողովրդի վերաբերմունքի վրա Եվրոպայի նկատմամբ, քանի որ նրանք լսում են պատժամիջոցների կոչեր, ապա պարզում, որ իրականում ոչինչ չի արվել»։
«Այն բացահայտումը, որ նրանք ոչինչ չեն կարող անել՝ փրկելու համար Ռուսաստանի ճիրաններից այն երկիրը, որը գրեթե Եվրամիության շեմին էր, մտահոգիչ է մեզ համար, բայց դա պետք է մտահոգիչ լինի նաև Եվրոպայի համար», — նշել է Սալոմե Զուրաբիշվիլին։