Օտարերկրացիների զբաղվածության սահմանափակումը չի հանգեցնի աշխատուժի փլուզման. Բերիկաշվիլի

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Շոթա Բերեկաշվիլին հայտարարել է, որ օտարերկրացիների՝ որպես առաքիչ և տաքսու վարորդ զբաղվածության սահմանափակումը չի հանգեցնի աշխատուժի փլուզման, քանի որ այս շուկայում առաջարկը մեծ է պահանջարկից։ Նշվածի մասին լրագրողներին նա ասել է «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների ընդունման վերաբերյալ Պետական ​​զբաղվածության խթանման գործակալության և բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղեկատվական հանդիպումից առաջ։

Պատգամավորի խոսքով՝ ներկայիս փոփոխություններն աշխատանքային միգրացիայի մոտեցումը կդարձնեն համակարգված` այդպիսով պաշտպանելով տեղական անձնակազմի իրավունքները։

«Մենք հնարավորություն ունենք կադրեր ներգրավելու այն ոլորտներում, որտեղ աշխատանքային ռեսուրսների պակաս կա, և պաշտպանելու աշխատաշուկան, որտեղ ավելցուկային առաջարկ կա։

Նման համակարգված մոտեցմամբ ճշգրիտ կիմանանք դեֆիցիտային ուղղությունները։ Կփորձենք վերապատրաստել մեր սեփական աշխատանքային ռեսուրսներն այս ուղղություններով և, ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում այդ դեֆիցիտային աշխատատեղերը կփոխարինենք մեր սեփական աշխատանքային ռեսուրսներով։

Նախկինում համակարգված մոտեցում չկար, իսկ հիմա այս ամենը մենք դրել ենք ինստիտուցիոնալ շրջանակի մեջ, ինչը, ի վերջո, լավ է մրցակցության համար, լավ է աշխատաշուկայի վերականգնման համար։ Աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի ցուցանիշները կհավասարակշռվեն», — ասել է Բերեկաշվիլին։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրի համաձայն՝ կառավարությունն արգելել է մշտական ​​բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես առաքիչ, տաքսու վարորդ և էքսկուրսավար։ Հրամանագրով հաստատվել են աշխատանքային ներգաղթյալներին և ինքնազբաղված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կանոնները։