Այսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանը քվեարկության կդնի «Էլենե Խոշտարիայի գործը և քաղբանտարկյալները «Վրացական երազանք»-ի ռեժիմի պայմաններում» վերնագրով բանաձևը։
Բանաձևի նախագիծը համատեղ մշակել է վեց քաղաքական խումբ (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատներ, Պահպանողականներ և ռեֆորմիստներ, «Վերականգնել Եվրոպան», Ձախեր, Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք):
Բանաձևի նախագծով Եվրախորհրդարանը.
• Խստորեն դատապարտում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի և բոլոր այլ անձանց քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, նաև քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և ակտիվիստների դեմ «Վրացական երազանք»ի համակարգված հալածանքները։
• Դատապարտում է կալանքի տակ գտնվելու ժամանակ Խոշտարիայի նկատմամբ ենթադրյալ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքը. պահանջում է նրա և մյուս քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
• Պահանջում է անկախ հետաքննություն կալանավայրերում վատ վերաբերմունքի, ազգային անվտանգության օրենսդրության չարաշահման, նաև ցուցարարների դեմ քիմիական զենքի կիրառման մասին լուրերի վերաբերյալ։
• Դատապարտում է սահմանափակող օրենքների ընդունումը, որոնք ճնշում են քաղաքացիական բողոքն ու տարբերվող կարծիքը. կոչ է անում Վրաստանի իշխանություններին չեղարկել այդ օրենքները և դադարեցնել նախնական կալանքը որպես քաղաքական ռեպրեսիայի միջոցի կիրառումը։
• Ընդգծում է, որ քաղբանտարկյալների առկայությունն անհամատեղելի է Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ։
• Վերահաստատում է աջակցությունը վրաց ժողովրդի եվրոպական ապագային և կոչ է անում ԵՄ անդամ երկրներին պաշտպանել վտանգի տակ գտնվող վրացի ակտիվիստներին ու լրագրողներին։
• Կոչ է անում սահմանել թիրախային պատժամիջոցներ և վիզային արգելքներ ռեժիմի այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք պատասխանատու են քաղաքական հալածանքների, ձերբակալությունների և բռնությունների համար։