Երեկվա օրը համառոտ. հունվարի 26

Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն հաստատել այն օրենքը, որից հետո քաղաքացիները կկարողանան սահմանը հատել կենսաչափական նույնականացման (ID) քարտով:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական միավորների ղեկավարների ներկայացուցիչների հետ՝ գյուղի աջակցության ծրագրի շուրջ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի և պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլիի հետ միասին հիմք են դրել Կրծանիսիում կուրսանտների ռազմական լիցեյի կառուցմանը, որը կկոչվի գեներալ Գիորգի Մազնիաշվիլիի անունով, հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեն հայտնել է, որ 2022 թվականին մաքսակետերում հայտնաբերված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 54 հազար 584:

Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Թամար Մախարաշվիլին հունվարի 25-ին հայտնել է, որ հանրակրթական դպրոցների տնօրենների և տնօրեն դառնալ ցանկացողների քննության արդյունքները հայտնի կլինեն մոտավորապես 3 շաբաթից:

«Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնություն» (GDI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ), որ պաշտպանում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի իրավունքները, հայտարարութուն է տարածել, ըստ որի՝ Թբիլիսիի դատախազությունը Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ֆայլերի տարածման գործով Գվարամիային տուժողի կարգավիճակ է տվել:

Վրաստանի ամենաազդեցիկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի ընտրության համար ընտրողների գրանցումն ավարտվել է: Ըստ ՄԱՇ-ի տարածած տեղեկատվության՝ քվեարկության համար գրանցվել է 49  հազար 756 մարդ։

Ամերիկացի նախկին կոնգրեսական Ադամ Կինզինգերն իր Twitter-յան միկրոբլոգում արձագանքել է Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ներկայում ընթացող զարգացումներին:

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2023 թվականին վրաց-ադրբեջանական սահմանին կբացվի «Լագոդեխի»-ի մաքսային անցակետի լիովին նոր ենթակառուցվածք:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսել է երկրի հանրակրթական դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրումը: Մախարաշվիլիի խոսքով` այն հանրակրթական դպրոցներում, որտեղ չատեստավորված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի, նրա պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի:

Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման համար  պարզեցված գնման պայմանագիր է կնքել «Բադա Քոնսթրաքշն» ընկերության հետ:

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ շփված անձնակազմից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ըստ Չխաիձեի՝ այժմ սպասում են փաստաբանների PCR թեստի պատասխաններին։

Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվհենի Պերեբինիսը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիին՝ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների հնարավոր վերականգնման վերաբերյալ, ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ի պատասխան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի պատգամավորական հարցին Վրաստանի պաշտպանության (ՊՆ) նախարարության տրամադրած տեղեկության՝ հոգևորական ծառայության պատճառով 2,5 տարում պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 36 հազար 772-ի դեպքում:

Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի (ComCom) անդամները երրորդ անգամ՝ մինչև 2026 թվականը, հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել են Կախա Բեքաուրիին։ Հարկ է նշել, որ Բեքաուրին այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է եղել: