Կրթությունը սահմաններ չունի և չի ավարտվում. Ժաննա Խաչատուրյան

Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանի համոզմամբ՝ կրթությունը գործընթաց է, որը չի ավարտվում ոչ դպրոցում, ոչ բուհում։ Նա դասավանդում է նաև Ժվանիայի դպրոցում և Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում` 25 տարի համալսարանում և 20 տարի դպրոցում, և իր աշխատանքում կարևորում է շարունակական զարգացումը։

Խաչատուրյանի խոսքով՝ կրթության հիմքում պատասխանատվությունն է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար։ «Նույն տեղում չկանգնելն ամենակարևորն է։ Նույն տեղում մնալը ճահիճ է։ Անընդհատ պետք է ձգտենք կրթվել, անել ավելին, փորձել»,- ասում է նա: 

Ըստ նրա` դպրոցում և համալսարանում աշխատանքը տարբեր, բայց փոխլրացնող փորձառություններ են։

«Բուհում վրացերեն եմ դասավանդում, դպրոցում՝ քաղաքացիական կրթություն, սակայն դպրոցում հազար անգամ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում։ Այնտեղ երեխան դաստիարակվում է, մեծ է ուսուցչի դերը, իսկ բուհում ավելի գործնական հարաբերություններ պետք է պահպանել ուսանողների հետ։ Դպրոցն ու բուհը բալանսավորում են միմյանց իմ կյանքում»։

Նրա սիրելի առարկան քաղաքացիական կրթությունն է։ Նրա խոսքով՝ այդ առարկայի ուսուցչի առաքելությունն է ձևավորել մտածող և պատասխանատու քաղաքացի։

«Այս առարկան բազում ոլորտներ է ներառում։ Ցավոք, իմ դպրոցական տարիներին դա չկար, և մեր սերունդն ավելի շատ ուներ վախի զգացողություն։ Շատ թյուր կարծիքներ էին ձևավորված։ Օրինակ՝ որ ընտրություններին մասնակցելը անիմաստ է, մեկ ձայնը ոչինչ չի փոխի կամ աղբը հավաքելը գլոբալ տաքացումը չի կանխի։ Եվ հենց սա պետք է փոխի քաղաքացիական կրթության ուսուցիչը՝ որ մարդը առաջնահերթություն է ժողովրդավարական երկրի համար։ Լավ ընտանիքի մայր, հայր, երեխա դառնալու համար նախ պետք է լինել պատասխանատու քաղաքացի»։

Խաչատուրյանը հիշում է նաև իր մասնագիտական կյանքի ամենակարևոր շրջադարձային պահերից մեկը.

«Ես 22 տարեկան էի, երբ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո հայտնվեցի բոլորովին օտար քաղաքում՝ Ախալքալաքում։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ պետք է սովորեի անկախություն և հարմարվողականություն։ Ես շատ երիտասարդ տարիքում դարձա համալսարանի դասախոս։ Առաջին դասախոսությունից առաջ շատ էի նյարդայնանում, որովհետև լսարանում կային ուսանողներ, որոնք ինձանից մեծ էին։ Այդ փորձը ինձ արագ մեծացրեց և ինքնավստահություն հաղորդեց»։

Նրա խոսքով՝ ընտանիքը կարևոր դեր ունի այս ամենը համատեղելու հարցում։

«Ընտանիքս իմ հենարանն է։ Երբ դժվար օր եմ ունենում, տանն եմ խաղաղություն գտնում։ Իսկ ամենամեծ պարգևն այն պահն է, երբ նախկին աշակերտը կամ ուսանողը գրում է ինձ և ասում. «Ես դեռ հիշում եմ ձեր դասերը»։ Դա ինձ համար ամենամեծ մոտիվացիան է»։

Ուսուցչուհու խոսքով՝ ուսուցչությունը ամենապատվավոր և միաժամանակ ամենադժվար մասնագիտություններից է.

«Պահանջում է հուզական ուժ, մշտական զարգացում, աշակերտների նկատմամբ անվերապահ սեր և համագործակցության ունակություն։ Ամենակարևորը՝ ուսուցիչը պետք է լինի պարկեշտ մարդ և անձնական օրինակով ձևավորի պատասխանատու քաղաքացի»։

Նրա խոսքով՝ այդ մասնագիտության ամենամեծ մոտիվացիան հենց երեխաներն են.

«Այս մասնագիտության մեջ միակ իրական մոտիվատորը երեխաներն են՝ նրանց հետաքրքրասեր աչքերը, նրանցից ճառագող սերը և անկեղծ վերաբերմունքը»։