Galt & Taggart ներդրումային բանկային ընկերությունը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ինդեքսը և դրա մակրոտնտեսական վերլուծությունը։ Ինդեքսի համաձայն՝ ոլորտի մարտահրավերը ֆերմերային տնտեսությունների փոքր չափն է, ինչն իր հերթին արտադրողականության և արդյունավետության ցածր ցուցանիշի պատճառն է։ Սրանից ելնելով՝ Վրաստանում մեկ հեկտարի բերքատվության ցուցանիշը ինչպես բանջարեղենի, այնպես էլ մրգի և հացահատիկային մշակաբույսերի դեպքում զգալիորեն զիջում է տարածաշրջանի երկրների արդյունքներին։
Վրաստանում մեկ հեկտարի մրգի բերքատվությունը կազմում է 4.8 տոննա` այն դեպքում, երբ Ռուսաստանում արտադրողականությունը հեկտարի հաշվով 10 տոննա է, Ուկրաինայում՝ 11, Հայաստանում՝ 11.4 տոննա, իսկ Եվրամիության միջինը կազմում է 11.7 տոննա։ Ինչ վերաբերում է հացահատիկային մշակաբույսերին, Վրաստանում մեկ հեկտարի միջին բերքատվությունը 2.8 տոննա է` այն դեպքում, երբ Ադրբեջանում 3.4 տոննա է, Թուրքիայում՝ 3.4 տոննա, Ուկրաինայում՝ 5.1 տոննա, Եվրամիությունում՝ 5.2 տոննա։
Բանջարեղենի դեպքում Վրաստանում միջին բերքատվությունը հեկտարի հաշվով 11.1 տոննա է, Ուկրաինայում՝ 20.5 տոննա, Ռուսաստանում՝ 29.8 տոննա, Ադրբեջանում՝ 31.1 տոննա, Հայաստանում՝ 35.6 տոննա, իսկ Թուրքիայում՝ 42.3 տոննա։
«Ցածր կորպորատիվ կառավարումը, գիտելիքի պակասը և տեխնոլոգիական հետամնացությունը Վրաստանում բերքատվության համեմատաբար ցածր մակարդակ են պայմանավորում»,- ասված է հետազոտության մեջ։
Գյուղատնտեսական առաջնային ապրանքների (հումքի) արտադրությունը հիմնականում կենտրոնացված է տնային տնտեսությունների վրա, իսկ բիզնեսի բաժինը կազմում է միայն 13%։
Համապատասխանաբար, այս առումով կորպորատիվ կառավարման ցուցանիշը ցածր է։ Դրա հետ մեկտեղ, երկրում տնային ֆերմաների տարածքների 73%-ում մեկ հեկտարից պակաս է, 25%-ի տարածքը 1-5 հեկտարի սահմաններում է, իսկ 5 հեկտարից ավելի մեծ տնտեսությունների չափը կազմում է 2%։ Համեմատության համար՝ Ադրբեջանում ֆերմաների 61%-ը 1 հեկտարից փոքր չափի է, Հայաստանում՝ 60%, ինչն այս երկրներում ֆերմերների համար հողն ավելի արդյունավետ օգտագործելու հիմք է ստեղծում։