Ձերբակալություն կեղծ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման մեղադրանքով

Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակաահաբեկչական կենտրոնը, Թբիլիսիում և Գարդաբանիի մունիցիպալիտետում իրականացված հատուկ գործողության արդյունքում, ձերբակալել է մեկ անձի։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալվածը մեղադրվում է պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու համար։

Քննության վարկածով՝ Վրաստանի քաղաքացին իր բնակության վայրում, որոշակի գումարի դիմաց, պարբերաբար պատրաստել է Վրաստանի և օտարերկրյա պետությունների կեղծ անձնագրեր (նույնականացման քարտեր) ու վարորդական իրավունքի վկայականներ։

Ըստ ՊԱԾ-ի հաղորդագրության՝ մեղադրյալը կեղծ փաստաթղթերը փոստի միջոցով ուղարկում էր արտերկրում գտնվող պատվիրատուներին և միջնորդներին։

«Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները ձերբակալվածի անձնական և բնակարանի խուզարկության արդյունքում առգրավել են կեղծ փաստաթղթերի պատրաստման համար նախատեսված հատուկ սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, տասնյակ տպագրվող պլաստիկ քարտեր, նաև արտերկիր ուղարկելու համար պատրաստի կեղծ վարորդական վկայականներ ու բջջային հեռախոսներ։ «Վրաստանի փոստ»-ից առգրավվել են նաև արտերկիր արագացված կարգով ուղարկման ենթակա կեղծ փաստաթղթեր», — հայտնել են ՊԱԾ-ից։

Գործով քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով` փաստաթղթի, կնիքի, դրոշմակնիքի կամ բլանկի պատրաստում, ձեռքբերում կամ իրացում։
Նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: