Սուրբ Զատիկի տոնից հետո Վրաստանում հավկիթի թանկացում է սպասվում

Հնարավոր է Սուրբ Զատիկի տոնից հետո Վրաստանում հավկիթը թանկանա, Businesspressnews-ին հայտնել է Թռչնաբուծության զարգացման ասոցիացիայի ղեկավար Զուրաբ Ուչումբեգաշվիլին: Նրա խոսքով՝ երկրում թանկանում են ձվի ինքնարժեքի մեջ մտնող բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ վառելիքն ու էլեկտրաէներգիան, ինչն էլ իր ազդեցությունը կունենա վերջնական գնի վրա:

«Սակագների բարձրացումը, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա նաև մեզ վրա: Մենք մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ենք սպառում: Ինչպես գիտեք, հավին անհրաժեշտ է կեր, որը պատրաստվում է տեղում: Հիմնականում դա ներառում է աղացած ցորենը, եգիպտացորենը և հացահատիկը: Էլեկտրաէներգիայի օգտագործումը, բնականաբար, բավականին ինտենսիվ է: Հետևաբար, այս ամենն արտացոլվում է գնի մեջ… Տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը: Սակայն թանկացումն իրոք սպասելի է: Տեսնում եք, թե որքանով են աճել վառելիքի և դիստրիբյուցիայի (բաշխման) ծախսերը: Բավականին լուրջ է նաև էլեկտրաէներգիայի գնի աճը: Շատ է դժվարացել նաև եգիպտացորենի ներկրումը երկիր, և քանի որ դժվարացել է, հետևաբար` թանկացել է: Այնպիսի վիճակ է, որ ինքնարժեքի մեջ մտնող բոլոր բաղադրիչները թանկանում են», — հայտարարել է Զուրաբ Ուչումբեգաշվիլին:

Ի պատասխան լրատվամիջոցի հարցին, թե արդյոք հավկիթի գնի աճը կգերազանցի փետրվարին արձանագրված 5%-անոց էժանացումը, Թռչնաբուծության ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ հնարավոր է՝ ավելի մեծ աճի անհրաժեշտություն լինի:

2026 թվականի հունվարին Վրաստանում մեկ հատիկ ձուն թանկացել էր 2-2.5 թեթրիի չափով: Արտադրող ընկերությունները դա բացատրել էին անխուսափելի անհրաժեշտությամբ, սակայն թանկացումից մի քանի շաբաթ անց՝ փետրվարի 6-ին, համատեղ հայտարարություն տարածեցին («Սավանեթի», «Դիլա», «Կոդա», «Կումիսի») և ասացին, որ արտադրական գինը կնվազեցնեն 5%-ով: «Նշված որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը, որը կապված է սննդամթերքի գների նվազեցման հետ», — գրված էր համատեղ հայտարարության մեջ: