Իվանիշվիլիի «Համաներդրումների հիմնադրամը» հետ է գնել «Մտկվարի ՀԷԿ»-ը

Երեկ բիզնես ռեեստր է ներկայացվել «Մտկվարի ՀԷԿ» ընկերության սեփականատիրոջ փոփոխության գրանցման հայտ, որից պարզ է դառնում, որ «Համաներդրումների հիմնադրամը» (Co-Investment Fund) հետ է գնել նշված 54 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը:

«Համաներդրումների հիմնադրամ»-ը 2024 թվականի հուլիսին ՀԷԿ-ը վաճառել էր «Hydroenergy» ընկերությանը, իսկ այժմ ակտիվը կրկին գնել է նրանից: Ընդ որում, պայմանագիրն ունեցել է հետգնման իրավունք, որից օգտվել է Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը և վերստին ձեռք բերել ՀԷԿ-ի նախագիծը: Թե՛ 2024 թվականի վաճառքի գինը, թե՛ այժմյան հետգնման արժեքը գաղտնի են պահվում:

Բիզնես ռեեստրի տվյալների համաձայն՝ հենց «Մտկվարի ՀԷԿ»-ն այս պահին ծանրաբեռնված է առևտրային բանկի հիփոթեքով:

Կարևոր է այն հանգամանքը, որ ՀԷԿ-ը փորձնական շահագործումը սկսել է 2025 թվականին և էներգոհամակարգին մատակարարել 213 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդեն արտադրել է 28,4 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: Հետևաբար, ՀԷԿ-ը ներկայումս գործող է և եկամուտ է բերում:

2024 թվականին «Համաներդրումների հիմնադրամը» հայտարարել էր, որ ի սկզբանե ՀԷԿ-ի ներդրումային արժեքը կազմում էր 140 միլիոն դոլար, սակայն հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն (CEO) Գիորգի Բաչիաշվիլիի սխալ որոշումների հետևանքով գումարն աճել է մինչև 236 միլիոն դոլար: Բիձինա Իվանիշվիլին դիմել էր դատախազություն Գիորգի Բաչիաշվիլիի դեմ հենց այս ՀԷԿ-ին առնչվող հարցով: