Վրացի գործարար Թամազ Էլիզբարաշվիլին բանտից նամակ է հրապարակում, որում դատախազին խնդրում է դատավարական համաձայնություն (սույն գործով համաձայնագիր) կնքել։ Հայտարարությունը հրապարակվել է սոցիալական ցանցում՝ նրա անձնական էջում։
«Պարո՛ն քննիչ, պարո՛ն դատախազ։
Դուք ինձ մեղադրում եք Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի առաջին մասով՝ սպառնալիքի հատկանիշներով։ Ով տեսել է իմ օգոստոսի 31-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, այս մեղադրանքը վիճելի էլ չէ։ Այդ ուղիղ եթերում ես ուղղակիորեն սպառնացել եմ «TV Իմեդի»-ի այն յոթ աշխատակիցներին, որոնք օգոստոսի 30-ին «Սխվա» ռեստորանում իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն են կիրառել, իսկ հետո վիրավորել են կնոջս․ քանի որ կատարված անբարոյական արարքի համար ինձնից ներողություն չեն խնդրել, որտեղ բռնեի, հենց այնտեղ էլ ծնկի էի բերելու…
Այո՛, հրապարակայնորեն՝ իմ ֆեյսբուքյան էջից սպառնացել եմ «TV Իմեդի»-ի բոլոր յոթ աշխատակիցներին, քանի որ նրանք ոտնահարել են վրացի մարդու չգրված օրենքը և կնոջս ներկայությամբ ինձ պատճառել են ինչպես ֆիզիկական վնաս, այնպես էլ վիրավորանք, ու դրա համար նրանք պետք է ինձնից ներողություն խնդրեն։
Ես չեմ սկսի խոսել իմ մասին, թե ով եմ ես կամ ինչ եմ արել իմ երկրի համար։ Միայն մի բան կասեմ՝ այնքան վաստակ գոնե ունեմ, որ ինձ հետ դատավարական համաձայնություն կնքեք», — նշված է նամակում։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը գործարար Թամազ Էլիզբարաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Դատախազությունը Թամազ Էլիզբարաշվիլիին մեղադրանք է առաջադրել սպառնալիքի փաստով։ Քննության տվյալներով՝ ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին Թբիլիսիի ռեստորաններից մեկում Էլիզբարաշվիլիի և տուժողի միջև սոցիալական ցանցում գրված մեկնաբանության հետ կապված տեղի է ունեցել վիճաբանություն։