Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմաիլովի եղբայրը՝ Քենան Իսմաիլովը։ Դիմակավորված խմբի հետ միասին այսօր լուսաբացին նա դաժան ծեծի է ենթարկել տեղաշարժման խնդիրներ ունեցող մի քաղաքացու։ Այս միջադեպի մասին սոցիալական ցանցում գրել է իրավապաշտպան Սամիրա Բայրամովան։
Ըստ նրա՝ քաղաքապետի եղբոր հետ ծեծին մասնակցել է նաև քաղաքապետարանի խորհրդականի թեկնածուն։ Բայրամովան պատմել է, որ երեկ ուշ գիշերվանից` քաղաքապետի եղբոր ձերբակալությունից հետո, Մառնեուլիի ոստիկանության շենքի մոտ հավաքվել են մունիցիպալիտետի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք «մտահոգված են ձերբակալված հանցագործի համար»։
«Մառնեուլիի ոստիկանությունը վերջին օրերին հանցավորության դեմ պայքարի և օպերատիվության համար հաստատ աստղի է արժանի»,- գրել է իրավապաշտպանը։
ըստ Սամիրա Բայրամովայի, Մառնեուլիում տեղի ունեցած հաշվեհարդարը, հավանաբար, կապված է հացի բիզնեսի հետ։
Ներքին գործերի նախարարությունում գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով (բռնություն)։ Այս հանցագործության համար նախատեսվում է մինչև 1 տարի ազատազրկում։