Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիի բիզնես կենտրոնում այցելել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին: Հանդիպման տեսագրությունը, որտեղ զրույցը չի լսվում, հրապարակվել է կուսակցության մամուլի ծառայության կողմից։
«Բիձինա Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Հարավային Կովկասի տարածաշրջանում հանգիստ և կայուն իրավիճակին աջակցելու համար, ինչպես նաև նշել է, որ անվտանգության մարտահրավերներով լի միջավայրում կենսականորեն կարևոր է, որ երկու երկրների քաղաքական առաջնորդները առավելագույն ջանքեր գործադրեն խաղաղությունը և տնտեսական զարգացումը պահպանելու համար», — ասվում է հրապարակված տեղեկատվության մեջ, որտեղ նաև նշվում է, որ «Վրաստանը բաց է մնում ադրբեջանական ներդրումների համար»։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլիին ջերմ հյուրընկալության համար.
«Ադրբեջանի Հանրապետության նախագահը նշել է, որ Վրաստանը ներդրումների համար ամենագրավիչ, կայուն և հետաքրքիր վայրերից մեկն է: Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել երկկողմ նախագծերի, էներգետիկ միջանցքի կարևորության և Վրաստանի ակտիվ մասնակցության վրա ադրբեջանական բնական պաշարների արտահանման գործընթացում։
Իլհամ Ալիևը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: Իլհամ Ալիևի այցը Վրաստան ավարտվել է»։
Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում բիզնես կենտրոնում ներկա էին «Վրացական երազանքի» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նրա կառավարական թիմը՝ տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեն։
Ի դեպ, մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր՝ ապրիլի 6-ին, իր կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել էր Թբիլիսի, հանդիպել է Իրակլի Կոբախիձեի և Միխեիլ Կղավելաշվիլիի հետ։