Ժնևում մեկնարկում է միջազգային բանակցությունների 55-րդ փուլը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ժնևում մեկնարկում է միջազգային բանակցությունների 55-րդ փուլը։ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի խոսքով, վրացական կողմը կբարձրացնի սողացող օկուպացիայի, առևանգումների, մարդու իրավունքների խախտումների և օկուպացիոն գծից դուրս հումանիտար խնդիրները։

«Նախնական հանդիպումներ կանցկացվեն։ Մենք հանդիպումներ կունենանք համանախագահների հետ, ամերիկացի գործընկերների հետ, որտեղ կքննարկենք այն դիրքորոշումները, որոնք հնչեցվելու են վրացական պատվիրակության կողմից։ Ինչպես բոլոր փուլերում, գլխավոր խնդիրը նախ և առաջ վեց կետից բաղկացած համաձայնագրի իրականացումն է: Ցավոք, Ռուսաստանը շարունակում է այն չկատարել, ավելին, ապակառուցողական մոտեցում ցուցաբերել ողջ բանակցային գործընթացում», — Ժնևում վրացական լրատվամիջոցներին ասել է Լաշա Դարսալիան:

Նախորդ՝ 54-րդ փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերին, վրացական կողմը որպես առանցքային խնդիրներ էր ներկայացրել ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատ արձակումը, տարածքների փաստացի բռնակցման գործընթացը և տեղում հումանիտար խնդիրների լուծումը։