Այսօրվա և վաղվա թատրոնը պետք է կամրջի երիտասարդությունը․ Արմեն Բայանդուրյան

Այսօրվա և վաղվա թատրոնի կապող կամուրջը պետք է լինի Ջավախքի երիտասարդությունը։ 10 տարի հետո, թե 100 տարի հետո` վաղվա ապագան երիտասարդների ձեռքում է, և պետք է ձգտենք Ջավախքը կապել թատրոնի հետ։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շուտով կվերսկսի իր աշխատանքը, սակայն, մինչ թատրոնի նոր շենք մուտք գործելը, պատրաստվում է հյուղախաղերով մեկնել Սամցխե-Ջավախեթիի մարզ, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Արմեն Բայանդուրյանը` հույս հայտնելով. «Ջավախքում այս անգամ` ինչպես և միշտ, մեզ լավ կընդունեն. կցանկանայի ուղղակի, որ երիտասարդությունը գար ներկայացումը դիտելու․․․ որպեսզի կարողանանք Ջավախքը կապել թատրոնի հետ և ոչ միայն հայ թատրոնի, այլ նաև` վրաց թատրոնի հետ»։

Բայանդուրյանը վստահեցնում է՝ նաև կարևոր է, որպեսզի, ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Սամցխե-Ջավախեթիի և այլ հայաբնակ մարզերի երիտասարդները պահանջեն բարձր մակարդակի ներկայացումներ․

«Այսինքն, թատրոնի հանդիսատեսին բեմից մատուցվի լավ գրականություն, դերասանական հետաքրքիր խաղ, ռեժիսորական լավ մտածելակերպ, նկարչական լավ ձևավորում, և այս ամենը պիտի ունենա տեր, իսկ տերը դահլիճում նստած հանդիսատեսն է»։

Թատրոնի տնօրենը կարևոր է համարում, որ Վրաստանում բնակվող հայ մարդը զուգահեռ ծանոթանա նաև վրաց արվեստին, և որպես օրինակ նշեց հետևյալը․ «Երբ ասում են, որ Վրաստանի հայաբնակ շրջան են այցելել հյուրախաղերի շրջանակներում և ունեցել հայալեզու հանդիսատես, դա միանշանակ ուրախալի փաստ եմ համարում»։

Բայանդուրյանն ընդգծեց՝ այսօր Վրաստանում մեզ տրված են բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք ստեղծել հզոր արվեստ․

«Ուրախ եմ, որ արդեն վիրահայ համայնքի նոր սերունդը ձգտում է սովորել պետական լեզուն ու բավական լավ է տիրապետում, և սա շատ կարևոր նախապայման է, որպեսզի թե՛ Թբիլիսիում, թե՛ հայաբնակ մարզերում մենք` այստեղ ծնված մեծացած այս երկրի քաղաքացիներս, կարողանանք ապրել ինչպես տերը մեր երկրի»։

Հիշեցնենք նաև, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ալիք Մեդիա»-ն, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական ​​դրամատիկական թատրոնը երկու մրցանակի է արժանացել։

Հատկանշական է նաև, որ այժմ թատրոնը գտնվում է նորոգման փուլում և իր հանդիսատեսին հավանաբար կընդունի ընթացիկ տարվա աշնանը։

Թատրոնի շենքի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի օգոստոս ամսից և իրականացվում է Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հարկ է նշել, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի վերաբացումը մի քանի անգամ հետաձգվել է. նախ` նախատեսվում էր վերաբացել 2021 թվականին, այնուհետև` 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Նշենք, որ 2018 թվականին Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ընթացքում այդ ժամանակվա մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գիորգի Բաքրաձեն հայտարարել էր, որ թատրոնի նորոգման աշխատանքներն արդեն սկսված են, «Քարթու» հիմնադրամն ամբողջովին ստանձնել է շինարարական աշխատանքների ծախսերը՝ հատկացնելով ավելի քան 8 մլն լարի:

«Սամխարաուլիի անվան ազգային բյուրոն, որը կազմել էր վերականգնման նախագիծը, արդեն շինարարական գործընթացի ժամանակ եզրակացրել էր, որ շենքն ավելի շատ է վնասված, քան նախագիծը կազմելու առաջին փուլում էր թվում: Որոշում է կայացվել՝ համաձայնեցնելով ինչպես թատրոնի ղեկավարության, այնպես էլ դեսպանության, հայկական կողմի գործընկեր նախարարության հետ, որ «Քարթու» հիմնադրամը կստանձնի շենքը քանդելու և տեղում նորը կառուցելու պարտականությունը: Շինությունը կլինի ավելի ժամանակակից և բազմաֆունկցիոնալ»,- ասել էր Բաքրաձեն:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 166 տարեկան է, հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1937-ից, իսկ մինչ այդ ներկայիս Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում էր, որտեղ գործում էր նաև վրացական թատրոնը։