Ծնողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաների ծնողները դիմել են «Վրացական երազանք»-ին, Պատրիարքարանին, Մարդու իրավունքների պաշտպանին և հանրությանը:

Ծնողները Պատրիարքարանին խնդրել են միջնորդել, որպեսզի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպի իրենց հետ։ Մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանիին նրանք կոչ են արել պաշտպանել իրենց երեխաների կյանքի իրավունքը, նաև հավաքների ու մանիֆեստացիաների ազատությունը։

«Մենք՝ Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաների ծնողներս, արդեն ավելի քան 3 ամիս պահանջում ենք հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մեր պահանջն է՝ պետության միջոցով անհրաժեշտ դեղամիջոցների ներկրումը և պարբերական հետազոտությունների ֆինանսավորումը։ Ցավոք, պետության բարձրաստիճան պաշտոնյան խուսափում է մեզ հետ հանդիպումից։

Ի նշան բողոքի՝ մենք որոշել էինք վրաններ տեղադրել և սկսել շուրջօրյա բողոքի ակցիա, սակայն Ներքին գործերի նախարարությունից ստացել ենք ապշեցուցիչ պատասխան, թե, իբր, մենք իրավունք չունենք պուրակում վրաններ տեղադրելու։ Պարզվում է՝ մահացու հիվանդ երեխաների ծնողներս մեր բողոքով չպետք է «չափից ավելի անհանգստացնենք» փողոցում զբոսնող մարդկանց կամ հիմնարկ-ձեռնարկություններին։

Հիշեցնենք, որ Վրաստանում ակցիաների ժամանակ վրանների տեղադրումը երբեք արգելված չի եղել, այդ թվում՝ այն «արյունոտ 9 տարիների» ընթացքում, որի մասին իշխանությունն ամեն առիթով հիշեցնում է մեզ։

Դիմում ենք իշխանությանը. մի՛ խաղացեք երեխաների կյանքի հետ։ Ձեր անգործության յուրաքանչյուր օրը մեկ քայլ է դեպի երեխաների մահը։ Մի՛ դարձրեք ձեր կառավարման տարիները երեխաների մահվան տարիներ։

Դիմում ենք Վրաստանի Պատրիարքարանին. խնդրում ենք միջնորդել վարչապետին, որ նա հանդիպի մեզ հետ, լսի մեր խնդիրը և միջոցներ ձեռնարկի երեխաների կյանքը փրկելու համար։

Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին. պաշտպանեք ամենաթանկ իրավունքը, որ գոյություն ունի՝ 100 երեխաների կյանքի իրավունքը։ Նաև պաշտպանեք մեր հավաքների ու արտահայտվելու ազատությունը և կանգնեք մեր կողքին, որպեսզի մեր ձայնը հասցնենք պետությանը։

Դիմում ենք հանրությանը. աջակցե՛ք մեզ և միասին փրկենք երեխաների առողջությունն ու կյանքը»,- ասված է հայտարարության մեջ։