Ապրիլի 5-ի լուսաբացին ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆգան Սադիգովին պատրաստվում էին Թբիլիսիից արտաքսել, իսկ հաջորդ օրը Վրաստան ժամանեց Ադրբեջանի նախագահը։
Ապրիլի 6-ին Իլհամ Ալիևն արդեն պաշտոնական այցով գտնվում էր Թբիլիսիում։
Ադրբեջանի նախագահը Թբիլիսիում առանձնահատուկ ընդունելութան է արժանացել. օրվա վերջում նրան հյուրընկալել է նաև «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Իլհամ Ալիևը Թբիլիսիում Սադիգովի մասին չի հիշատակել, իսկ լրագրողները հնարավորություն չեն ունեցել նրան հարցեր ուղղելու։
Ալիևը Թբիլիսիում.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսի էր ժամանել ապրիլի 6-ի առավոտյան՝ ներկայացուցչական պատվիրակության հետ միասին։ Նրան ուղեկցում էին կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, չորս նախարար (արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի, թվային զարգացման և տրանսպորտի) և արտաքին քաղաքական հարցերով նախագահի օգնականը։
Հանդիսավոր ընդունելությունը տեղի է ունեցել Աթոնելի փողոցում գտնվող նախագահական պալատում։ «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին և Ադրբեջանի նախագահը խոսել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի և տարբեր ոլորտներում հաջող համագործակցության մասին։
«Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպման ժամանակ նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ամուր ռազմավարական գործընկերության բարձր նշաձողի պահպանումն ու դրա բազմակողմանի զարգացումը Վրաստանի համար առաջնահերթություն է։
Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է, որ ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, երբ միջազգային կարգը հիմնավորապես փոխվում է, տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։
Միխեիլ Կղավելաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ Բաքվում Վրաստանի դեսպանատուն այցելելու և անկեղծ ցավակցություն հայտնելու համար։
Հանդիպման ավարտից հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հանդիպման շրջանակներում մենք մանրամասն քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագային», — Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Վարչապետն ուշադրություն էր հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի վրա.
«Այս համատեքստում մենք կրկին ցանկանում ենք ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացը։ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և նոր նախաձեռնություններին։ Մենք, ըստ անհրաժեշտության, միշտ պատրաստ ենք մեր դրական ավանդը ներդնել այդ հարաբերությունների զարգացման գործում։ Պատրաստ ենք նպաստել երկխոսությանը և խաղաղ գործընթացին։
Մեր՝ Հարավային Կովկասի երկրների համագործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար։ Մենք հետևում ենք համաշխարհային քաղաքական փոփոխություններին, և այդ փոփոխություններն էլ ավելի են մեծացնում «Միջին միջանցքի» կարևորությունը, այդ թվում՝ Սև ծովի և Հարավային Կովկասի՝ որպես ռազմավարական տարածության նշանակությունը։
Մեր երկրները՝ որպես Ասիան և Եվրոպան կապող կամուրջներ, առանցքային դեր են խաղում փոխկապակցվածության տեսանկյունից, և այս համատեքստում մենք առանձնակի կարևորություն ենք տալիս տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը։
Վրաստանն ու Ադրբեջանը բազմիցս ապացուցել են, որ հուսալի և պատասխանատու գործընկերներ են, այդ թվում՝ միջազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերում», — հայտարարել էր վարչապետը։
Օրվա վերջում Ալիևին իր բիզնես կենտրոնում հյուրընկալել է Բիձինա Իվանիշվիլին։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Ալիևին Վրաստան կատարած «արդյունավետ այցի» համար և «ընդգծել երկու երկրների միջև խորը և համապարփակ տնտեսական հարաբերությունների կարևորությունը», այդ թվում՝ «տարանցիկ միջանցքի առավելագույն յուրացման ներուժը»։ Շնորհակալություն է հայտնել նաև «Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խաղաղ և կայուն իրավիճակին աջակցելու համար»։
«Անվտանգային մարտահրավերներով լի միջավայրում կենսականորեն կարևոր է, որ երկու երկրների քաղաքական առաջնորդները առավելագույն ջանքերի գնով պահպանեն խաղաղությունն ու տնտեսական զարգացումը»,- ասված է պաշտոնական ուղերձում։
Իվանիշվիլին նաև նշել է, որ Վրաստանը շարունակում է բաց մնալ ադրբեջանական ներդրումների համար, որոնք «վերջին տարիներին շարունակում են ակտիվորեն աճել»։
Ադրբեջանական ներդրումների հետագա խթանումը գլխավոր թեմաներից մեկն էր նաև կառավարության վարչակազմում Իրակլի Կոբախիձեի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Իլհամ Ալիևն ընդգծել է «երրորդ երկրներում» համատեղ ներդրումների հեռանկարները։
«Վրաստանը դինամիկ զարգանում է, տնտեսական աճը շատ ակնհայտ է։ Դուք երկրում ստեղծել եք շատ բարենպաստ ներդրումային միջավայր, և շատ օտարերկրյա ներդրողների, այդ թվում՝ ադրբեջանցիների համար ստեղծվում են հիանալի պայմաններ, որպեսզի այս հաջողության հիման վրա էլ ավելի նպաստեն քաղաքական կայունությանն ու տնտեսական աճին»,- հայտարարել է Ալիևը։ Նա հատուկ հիշատակել է «Միջին միջանցքը»՝ որպես «ամենակարևոր և նախընտրելի զարկերակներից մեկը»։
«Մեր օրակարգը հագեցած է և լայնամասշտաբ, ավելանում են նոր թեմաներ, նոր գաղափարներ ու նախագծեր, և մենք համատեղ ջանքերով այդ ամենը կյանքի կկոչենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա եղբայրական Վրաստանին և ողջ տարածաշրջանին մաղթել է խաղաղություն, կայունություն և բարօրություն։ Մամուլի ասուլիս տեղի չի ունեցել։
Հատկանշական է այն փաստը, որ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումից հետո սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են հանդիպումից լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք հանրային մեծ քննարկումների ու քննադատության ալիք են բարձրացրել։ Շատերի մատնանշում են այն հանգամանքը, որ հանդիպմանը վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծես երկրորդ պլանում էր հայտնվել։ Օգտատերերն ու վերլուծաբաններն ակտիվորեն քննարկում են, որ նման ձևաչափը խախտում է պաշտոնական արարողակարգը և հարցականի տակ դնում պետական ինստիտուտների դերը. այս իրավիճակը շատերը որակում են որպես վարչապետի և կառավարության քաղաքական կշռի նվազեցում։
Փորձագետների կարծիքով՝ Իլհամ Ալիևի այցը Վրաստան ուներ քաղաքական աջակցության բնույթ. վերլուծաբանները նշում են, որ նմանատիպ բարձր մակարդակի հանդիպումները կարևոր են իշխող թիմի համար՝ հաշվի առնելով միջազգային շփումների սահմանափակ աշխարհագրությունը։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում միջազգային հարաբերությունների փորձագետ, նախկին դիվանագետ Զուրաբ Փարջիանին ասաց, որ «Վրացական երազանք»-ին ընդհանուր առմամբ պակասում են բարձր մակարդակի այցերը, և, համապատասխանաբար, յուրաքանչյուր նման այց ուղղակի իրադարձություն է.
«Հիմնականում այդ այցերը շատ սահմանափակ են իրենց աշխարհագրությամբ։ Ինչ վերաբերում է գործնական կողմին, չեմ կարծում, թե որևէ բան մեծապես փոխված լինի դեպի լավը կամ վատը»,- ասաց նա, հավելելով՝ տպավորություն էր, որ այս այցի ընթացքում որևէ կարևոր ասպեկտներ ի հայտ չեկան, և սկզբունքորեն նոր ոչինչ չէր էլ կարող լինել։
Ինչ վերաբերում է Սադիգովին, առաջնորդները ոչինչ չեն ասել Թբիլիսիից արտաքսված լրագրողի մասին։ Ի դեպ, Ալիևի այցի մասին նախապես չէր հայտարարվել, ինչը սովորաբար արվում է բարձրաստիճան հյուրերի դեպքում։
Սադիգովի փաստաբան Թամթա Միքելաձեն Սադիգովի արտաքսումը կապում է նաև Ալիևի այցի հետ.
«Միանշանակ կապում եմ։ Ժամանակային առումով դա այնքան է համընկնում և այնքան արագացված ու սինխրոնացված տեղի ունեցավ… Ըստ ամենայնի, «Վրացական երազանք»-ը կարևոր հարցեր ուներ քննարկելու Ալիևի հետ և չէր ցանկանում որևէ անհարմարություն զգալ Սադիգովի հարցով։ Ուստի նրանք զոհաբերեցին այս մարդուն և մեր պատմության մեջ առաջին անգամ խախտեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը»։
Արտաքսումն արագացված տեմպերով
Ապրիլի 6-ին, երբ Ալիևը հանդիպումներ էր անցկացնում Թբիլիսիում, Բաքվում Աֆգան Սադիգովը բերման ենթարկվեց ոստիկանություն՝ հին, կարճված գործի հիմքով։ Մատնահետքեր վերցնելուց և ստուգումներից հետո նրան բաց թողեցին։
«Այսօր բաց թողնելը չի նշանակում, որ վաղը մեկ այլ գործով չեն ձերբակալի, ինչը կվերածվի քաղաքական հետապնդման և ադրբեջանական բանտերում հայտնվելուն, որտեղ առկա է խոշտանգումների պրակտիկան»,- ասել է Թամթա Միքելաձեն։ Նա չի բացառում, որ Բաքուն ժամանակավորապես արհեստական «դադար» է տվել՝ ցույց տալու համար, թե ամեն ինչ կարգին է, խուսափելու համար Ստրասբուրգի դատարանի առջև պատասխանատվությունից. «Սա խաղի մի մասն է՝ ավտորիտար բացահայտ խաղի»։
Քաղաքական վերլուծաբան Իրակլի Մելաշվիլիի կարծիքով՝ այն իշխանությունը, որը կանի այն, ինչ «Վրացական երազանք»-ի կառավարությունն արեց Աֆգան Սադիգովի նկատմամբ, չի կարող պարկեշտության և արժանապատվության նվազագույն հավակնություն ունենալ.
«Այստեղ բացարձակապես նշանակություն չունի ո՛չ այս մարդու ազգությունը, ո՛չ քաղաքացիությունը և ո՛չ էլ նրա քաղաքական հայացքները։ Դատավորը և կառավարության բոլոր այն անդամները, ովքեր կայացրել են ադրբեջանցի լրագրողի ձերբակալման և նրան Ադրբեջան արտաքսելու որոշումը, հանցակից կլինեն այն բոլոր դժբախտություններին, որոնք կպատուհասեն այդ մարդուն։
Ոչ մի երկրի հետ իրավահավասար և գործընկերային հարաբերություններ չեն հաստատվում սեփական պետության արժանապատվությունը ոտնահարելու հաշվին։ Սա պատմական օրինաչափություն է, և վաղ թե ուշ մենք էլ ստիպված կլինենք գին վճարել «Վրացական երազանք»-ի կատարած այս անվայել արարքի համար։ Աղետն այն է, որ հասարակության մի մասը փորձում է արդարացնել կառավարության այս վարքագիծը քաղաքական նպատակահարմարությամբ և ագրեսիվորեն հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր քննադատում են իշխանության այս անվայել պահվածքը։ Նման բարոյական դեգրադացիա հազվադեպ եմ տեսել»,- գրել է նա։
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Աբանոթուբանիում նախատեսվում է կառուցել Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն: Հինգ ընտանիք կզրկվի իրենց սեփականությունից բռնագրավման միջոցով: Որոշումը կստորագրի «Վրացական երազանք»-ի կառավարության էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։
«Անհրաժեշտ հանրային կարիքների համար սեփականության բռնագրավման կարգի մասին» օրենքի համաձայն՝ սա նշանակում է. սեփականության բռնագրավում՝ համաձայն Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածի և նույն օրենքի՝ բռնագրավված սեփականության նախնական, լրիվ և արդարացի փոխհատուցմամբ», — ասված է հրապարակված հրամանագրում։
Կենտրոնը կկոչվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով: Նա երկիրը կառավարել է մինչև իր մահը՝ 2003 թվականը, որից հետո այս պաշտոնը ստանձնել է նրա որդին՝ Իլհամ Ալիևը։