Սրա ժամանակը չէր. Սոցցանցերի վրացի օգտատերերը քննադատում են Թբիլիսիի աշտարակը Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորելու փաստը. Լուսանկարներ

Սոցցանցերի Վրաստանյան հարթակներում ոչ միանշանակ է ընդունվել Թբիլիսիի հեռուստաաշտարակը Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորելու փաստը:

Հիշեցնենք` Վրաստանը, որպես դաշնակից երկրներին հարգանքի ու սոլիդարության նշան` պետական տոների կամ այլ առիթներով Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի հայտնի հեռուստաաշտարակը լուսավորում է տվյալ երկրի դրոշի գույներով: Ադրբեջանի դեպքում այս տարի արդեն երրորդ անգամ է: Վրաց օգտատերերը գրում են, որ  Հայաստան-Ադրբեջան լարված հարաբերությունների  ֆոնին Վրաստանի այս քայլը տեղին չէր:

«Ոչ դիվանագիտական է այս ֆոնին: Օգոստոսյան պատերազմի ժամանակ հայերը որ ռուսական դրոշի գույներով լուսավորեին հաճելի չէր լինի, չէ՞»:

«Տեսնես մեր անկախության օրը ինչ գույներով են նշում թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը»:

«Այս պահին ուղղակի պետք էր խուսափել նման գործողությունից: Անձնական ոչինչ չունեմ»:

«Ինչու ենք թքած ունենում հայերի վրա։ Անսրտությունն ու քծնելն ավերիչ են։ Լավ կլիներ` գիտակցել իրականությունը»։

Հիշեցնենք` Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում Վրաստանը մեկ անգամ չէ, որ  պաշտոնապես խոսել է չեզոք դիրքորոշման մասին: Խոսքն ինչպես ռազմական բեռների` Վրաստանի տարածքով փոխանցելու, այնպես էլ երկու երկրների հիմնադրամներին` վրաստանյան բանկերից գումար ուղարկելու մասին է: Վրաստանի կոմերցիոն բանկերն անհայտ ժամկետով դադարեցրել են հայկական ու ադրբեջանական հիմնադրամներին գումար փոխանցելու ծառայությունը: