Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Սադիգովի գործը վերջերս ամենաքննարկվող թեմաներից մեկն է Վրաստանում և երկրի սահմաններից դուրս։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանն օրեր առաջ նրան արտաքսեց Ադրբեջան։
«Աֆգան Սադիգովը վտարվել է իր ծագման երկիր, և նրա նկատմամբ սահմանվել է Վրաստան մուտքի երեք տարվա արգելք», — հայտարարել էր Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Չնայած այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) մի քանի ամիս առաջ Վրաստանից պահանջել էր ժամանակավոր կասեցնել Աֆգան Սադիգովի արտահանձնումը, ՆԳՆ-ն հայտարարել է, որ «Վրաստանում լիովին պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունները»: Որպես դրա ապացույց նախարարությունը նշել է, որ Ադրբեջանում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է:
Ադրբեջանցի լրագրողի փաստաբան, «Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թամթա Միքելաձեն կարծում է, որ «ամեն ինչ նախապես պլանավորել և կազմակերպել էին երկու ավտորիտար ռեժիմները» և գրել է, թե ինչ է նախորդել դատարանի այդ որոշմանը.
• Ապրիլի 1-ին Ադրբեջանը դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը (ինչի հիման վրա նախկինում պահանջում էր հանձնումը) և դրա մասին տեղեկացրել Վրաստանին:
• Ապրիլի 2-ին այդ տեղեկությունը հայտնել են Աֆգան Սադիգովին:
• Ապրիլի 3-ին դատարանը չեղարկել է նրա նկատմամբ սահմանված գրավն ու տեղաշարժի սահմանափակումը:
• Ապրիլի 4-ին Աֆգան Սադիգովին ձերբակալել են և մի քանի ժամ անց հանձնել Ադրբեջանին:
Իրավաբանը լրացուցիչ պարզաբանել է, որ «Եվրոպական դատարանի որոշումը ժամանակավոր միջոց կիրառելու մասին ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ հենց Եվրոպական դատարանը դա չի չեղարկի և չի համոզվի, որ անձի իրավունքների խախտման ռիսկերն այլևս չկան»:
«Թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը կարող էին պարզապես նրան հանգիստ թողնել, բայց նրանք ռևանշիստական հատուկ գործողություն պլանավորեցին և ամեն ինչ արեցին մեկ մարդու ոչնչացնելու համար… Սադիգովին ուղղակիորեն վտարեցին Ադրբեջան և նույնիսկ երկրից կամավոր հեռանալու հնարավորություն չտվեցին», — հայտարարել է Թամթա Միքելաձեն:
Սադիգովի ձերբակալությունը
Ադրբեջանցի լրագրողին, որի հանձնումը Ադրբեջանը պահանջում էր գրեթե երկու տարի, ապրիլի 4-ի գիշերը սեփական տանը կրկին ձերբակալեցին: Այս անգամ նրան մեղադրում էին սոցիալական ցանցում ոստիկանին վիրավորելու համար, ինչը վարչական իրավախախտում է:
Դատական նիստը
Սադիգովի դեմ դատական նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակվել է շատ արագ: Գործը վարել է դատավոր Թորնիկե Քոչքիանին:
Ըստ ՆԳՆ-ի՝ դատավորը Սադիգովին տուգանել է 2000 լարիի չափով, կայացրել է Վրաստանից վտարելու որոշում և երեք տարով արգելել նրա մուտքը երկիր: Այս որոշման և ձերբակալության հիմքում ընկած է ապրիլի 1-ին սոցիալական ցանցում ադրբեջաներեն հրապարակված ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասվում էր.
«Այնտեղ, որտեղ դիկտատուրա է, ոստիկանները պատրաստ են հանուն աշխատավարձի ու «ուսադիրների» ամեն ինչ վաճառել ու ոտնատակ տալ, և դա անում են հաճույքով, ողջ սրտով ու հպարտությամբ»:
Այս գրառմանը կից եղել են տեսանյութեր, որոնցում երևացել են նաև վրացի ոստիկանները:
Դատարանի մերժումը
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի ղեկավարը հայտնել է, որ դատարանում պահանջել են հնարավորություն տալ Սադիգովին՝ Azel.Tv լրատվամիջոցի գլխավոր խմբագրին, կամավոր լքել երկիրը.
«Դատարանը հաշվի չառավ այն հանգամանքը, որ Աֆգան Սադիգովի կինն ու երեխաները քաղաքական ապաստան ունեն Եվրոպայում, և համապատասխան երկիրը կարող էր ընդունել նաև նրան… Մենք պատրաստ էինք սեղմ ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ինչպես դատարանին, այնպես էլ միգրացիայի դեպարտամենտին»:
Սադիգովը Թբիլիսիում
Աֆգան Սադիգովը կնոջ և երկու անչափահաս դուստրերի հետ (10 և 15 տարեկան) Վրաստան էր եկել 2023 թվականի դեկտեմբերի 24-ին: Այդ ժամանակից ի վեր նա ապրում էր Թբիլիսիում, սակայն նրան թույլ չէին տալիս լքել երկիրը:
Սադիգովն արտահանձնման նպատակով Վրաստանում մի քանի ամիս անցկացրել էր կալանքի տակ: Նրան ձերբակալել էին 2024 թվականի օգոստոսի 4-ին: Նախաարտահանձնման կալանքը և հայրենիքում իր դեմ հարուցված գործը նա համարում էր Ադրբեջանից պատվիրված հալածանք և բանտում գտնվելու ժամանակ հացադուլ էր հայտարարել 141 օր: Նա դադարեցրել էր բողոքի այս ձևը միայն Ստրասբուրգի դատարանի որոշումից հետո:
Բազմաթիվ փորձագետներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ խստորեն դատապարտում են Վրաստանի իշխանությունների այս քայլը՝ դա որակելով որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտում և վտանգավոր նախադեպ։
Իրավապաշտպանները մատնանշում են, որ Վրաստանը բացահայտորեն անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ժամանակավոր միջոցը, որն արգելում էր Սադիգովի արտահանձնումը կամ վտարումը։ Սա դիտվում է որպես հարված Վրաստանի ստանձնած եվրոպական պարտավորություններին։
Միջազգային կազմակերպություններն ընդգծում են, որ Վրաստանը դադարում է լինել անվտանգ վայր տարածաշրջանի լրագրողների ու ակտիվիստների համար։
Փորձագետների, իրավապաշտպանների շրջանում կա այն տեսակետը, որ Աֆգան Սադիգովի արտաքսման գործընթացի կտրուկ արագացումն ուղղակիորեն կապված է հենց այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վրաստան կատարած այցի հետ, դրա մասին է խոսում նաև լրագրողի փաստաբան Թամթա Միքելաձեն։
Հեղինակավոր իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը նշել է, որ Ադրբեջանում լրագրողների և քննադատների հալածանքների երկարամյա պրակտիկայի ֆոնին այս գործն առանձնահատուկ մտահոգիչ է։
Կազմակերպության գնահատմամբ՝ կան հիմնավոր կասկածներ, որ Վրաստանի իշխանությունները գործել են չարամտորեն և Ադրբեջանի հետ համագործակցությամբ խուսափել են միջազգային պարտավորություններից։
«Վրաստանը պետք է հետաքննի այս գործը և ապահովի մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը։
Անհրաժեշտ է պատասխանատվության հարց բարձրացնել Վրաստանի իշխանությունների Ադրբեջանի հետ այն ակնհայտ համագործակցության համար, որը նպատակ ուներ վտարելու Սադիգովին։ Սա տեղի ունեցավ նրա անվտանգության համար առկա հստակ ռիսկերի և միջազգային իրավապաշտպան պարտավորությունների անտեսման ֆոնին»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան։
Աֆգան Սադիգովի կինը սոցիալական ցանցում հրապարակել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի որոշումն իր ամուսնու գործի վերաբերյալ և գրել է, որ հենց այս որոշումն է դարձել ադրբեջանցի լրագրողի արտաքսման վճռորոշ գործոնը։
Սևինջ Սադիգովայի հրապարակած նամակը հասցեագրված է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլիին և ստորագրված է Ադրբեջանի գլխավոր դատախազության անունից։
Փաստաթղթում նշված է, որ 2026 թվականի ապրիլի 1-ին, Ադրբեջանի քննչական մարմնի որոշմամբ, Աֆգան Սադիգովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Գործը վերաբերում էր Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ շորթման մեղադրանքներին։
Միաժամանակ, նամակում վրացական կողմին խնդրում են Սադիգովի վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 12-ի արտահանձնման հարցումը «թողնել առանց քննության»։
«Պարոն Ամիրան Գուլուաշվիլիին
Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալին
Հարգելի պարոն Գուլուաշվիլի,
Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը իր խորին հարգանքն է հայտնում Վրաստանի գլխավոր դատախազությանը և սույնով նշում, որ Գլխավոր դատախազությունում իրականացված հետաքննության շրջանակներում, 2026 թվականի ապրիլի 1-ին քննիչը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Հաթամխան օղլի Սադիգովի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 182.2.1, 182.2.2 և 182.2.4 հոդվածներով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք առանց քննության թողնել Աֆգան Սադիգովի վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության 2024 թվականի հուլիսի 12-ի արտահանձնման հարցումը։
Կրկին հայտնելով մեր խորին հարգանքը Վրաստանի գլխավոր դատախազին՝ օգտվում ենք առիթից ևս մեկ անգամ հավաստիացնելու մեր մեծագույն հարգանքը»,- ասված է նամակում։
Վրացի տնտեսագետ, գրող և քաղաքական գործիչ Դավիթ Զուրաբիշվիլին կարծում է, որ ադրբեջանցի այլախոհ և քաղաքացիական ակտիվիստ Աֆգան Սադիգովի արտաքսումն Ադրբեջան առաջին նախադեպն է, երբ Վրաստանի իշխանությունները փաստացիորեն արհամարհել են Ստրասբուրգի դատարանի որոշումը։
Զուրաբիշվիլին ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Ադրբեջանում Սադիգովի դեմ գործի դադարեցման (ինչը վտարման համար ձևական հիմք դարձավ՝ իբր Ստրասբուրգի որոշումը չխախտելու համար) և նրա արտաքսման միջև ընդամենը երեք օր է անցել»։
«Լիովին համոզված եմ, որ Սադիգովի վտարումը հենց Ադրբեջանի իշխանության պահանջն էր, որը Վրաստանի իշխանությունը հնազանդորեն կատարեց, ինչպես ժամանակին՝ Աֆգան Մուխթարլիի հանձնումը։
Հարց է ծագում. չէ՞ր կարող Վրաստանի իշխանությունը մերժել Ադրբեջանին Սադիգովի հանձնման հարցում՝ թեկուզ որպես պատճառաբանություն օգտագործելով Ստրասբուրգի դատարանը»,- հավելել է նա։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին, արձագանքելով Սադիգովի վտարմանը, գրել է, որ դատարանը միայն մեկ օտար մարդու ողբերգություն չէ. սա վրացական դատարանի և վրացական պետության ավտոկրատացման ցուցիչն է.
«Գիշերվա ժամը չորսին, խավարի մեջ, «դատավոր» Քոչքիանին անցկացնում է «դատավարություն»։ Ոչ թե ցերեկով, թափանցիկ, հանրության աչքի առաջ, ոչ թե տեսախցիկների առջև, այլ կեսգիշերին, գաղտնի՝ Ծաղկազարդի տոնին ընդառաջ։ Գիշերային դատարանները բռնաճնշումների ժամանակաշրջանի խորհրդային անցյալի հուշ են։
Այս մութ ու քամոտ գիշերը «Վրաստանի անունից» վտարեցին մի մարդու, որն ապաստան էր գտել Վրաստանում։ Նա իր հայրենիքում հացադուլ էր արել 242 օր՝ մինչև 95 կիլոգրամից դառնալով 40 կիլոգրամ, մինչև հայտնվելը հաշմանդամի սայլակին… Վտարեցին այն ժամանակ, երբ Ստրասբուրգը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ուղղակիորեն արգելել էր արտահանձնումը։
«Գիշերային դատարանը» միայն մեկ օտար մարդու ողբերգություն չէ. սա վրացական դատարանի և վրացական պետության ավտոկրատացման (ինքնակալացման) ցուցիչն է։
Համերաշխություն Աֆգան Սադիգովին»,- գրել է նա։
Ադրբեջանցի լրագրողի պատմության մասին ավելին, նաև նրա արտաքսմանը հաջորդած Ադրբեջանի նախագահի այցի մասին կարող եք կարդալ ստորև.