ՀՀ-ի և Ֆրանսիայի դեսպանները հանդիպել են Թբիլիսիի քաղխորհրդի նախագահին

Ապրիլի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեին, ասված է Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջում։

Հանդիպմանը մասնակցել են Թբիլիսիի քաղխորհրդի անդամներ Միխեիլ Ռեխվիաշվիլին և Մամուկա Բալիաշվիլին։

Ըստ հաղորդագրության՝ դեսպաններն ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է նաև մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցությանն ու երեք ժողովուրդների միջև պատմական կապերի ու ավանդական բարեկամության զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Թբիլիսիի փողոցներից մեկը աշխարհահռչակ շանսոնյե, հայկական ծագումով, Վրաստանին արմատներով կապված ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը։

Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել առաջարկված հարցը։