Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հայտարարությամբ՝ Եվրամիությունն ուշացրել է «Վրացական երազանք»-ի անդամների դեմ պատժամիջոցների սահմանումը։
Այսպես է նա պատասխանել լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հունգարիայում իշխանափոխությունը կարող է կրկին օրակարգ բերել վրացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը։
«Մենք ուշացել ենք։ Արդեն ուշ է։ Ավելի քան մեկ տարի է, ինչ Լիտվան Եվրամիության մակարդակով պատժամիջոցներ սահմանելու առաջարկ է ներկայացրել։ Տեսնելով մեկ տարի անց տիրող իրավիճակը, երբ Վրաստանում ժողովրդավարությունն էլ ավելի է նահանջում՝ ահա սա է արդյունքը։ Մենք շատ ուշացանք և շատ դանդաղ գործեցինք։ Ստացվեց այս արդյունքը։
Վրաստանը թեկնածու երկիր է։ Նրանք պարտավորություն են ստանձնել պահպանելու ժողովրդավարական չափանիշները, և այդ պարտավորությունների կատարումն իրենցից է կախված։ Եթե պատրաստ չեն դրան, ապա մենք պետք է բարձրացնենք Ասոցացման համաձայնագրի կամ թեկնածուի կարգավիճակի հարցը։ Եկեք ավարտենք այս գործընթացը, և հետո արդեն այլ իրականության մեջ կլինենք», — ասել է Բուդրիսը։
Հիշեցնենք. այսօր՝ ապրիլի 21-ին, Լյուքսեմբուրգում ընթանում է Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է նաև Վրաստանում տիրող իրավիճակը։