Հանրային հեռարձակողը չի ստացել աշխարհի առաջնության ցուցադրման արտոնագիր

Վրաստանի Հանրային հեռարձակողը չի ստացել ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության հեռարձակման արտոնագիր։

Հոգաբարձուների խորհրդի նիստում հեռարձակողի ֆինանսական տնօրեն Նոդար Ճիճինաձեն հայտարարել է, որ իրենք մասնակցել են FIFA-ի հայտարարած մրցույթին, սակայն պարտվել են մի մասնավոր ընկերության, որն արտոնագրի դիմաց ֆուտբոլի կառավարող մարմնին շատ ավելի մեծ գումար է առաջարկել։

Ըստ Ճիճինաձեի՝ սա նշանակում է, որ այս պահի տվյալներով հեռարձակողն իրավունք չունի ցուցադրելու աշխարհի առաջնության խաղերը։

Նրա խոսքով՝ այն ընկերությունը, որը գնել է Վրաստանի տարածքում խաղերի ցուցադրման իրավունքը, բանակցություններ է վարում տարբեր հեռուստաընկերությունների հետ՝ հեռարձակման իրավունքը նրանց վերավաճառելու նպատակով։ Նա նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե հնարավորություն և առաջարկ լինի վերոնշյալ ընկերությունից գնելու ենթաարտոնագիր։

Ճիճինաձեն չի նշել վերոնշյալ մասնավոր ընկերության անունը։

Աշխարհի առաջնության մրցաշարը պաշտոնապես կմեկնարկի 2026 թվականի հունիսի 11-ին և կավարտվի եզրափակիչ խաղով՝ հուլիսի 19-ին։

Խաղերը կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայի 3 երկրների 16 տարբեր քաղաքներում։